Ալիեւի բլեֆը. Հրապարակ
Պակիստան եւ հատկապես Իրան անհաջող այցելություններից հետո Իլհամ Ալիեւը նախաձեռնել է Ադրբեջանի եւ այդ երկրների միջեւ համագործակցության թեմայով «կլոր սեղան», որի շրջանակներում ռեժիմի ոչ այնքան անհայտ, բայց հաստատապես դիլետանտ գաղափարախոս Թոֆիգ Աբասովը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի խնդիրն սպասում է լուծման, եւ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի դեմ պատերազմ սկսել» :
Շփման գծում վերջին լարվածությանը նախորդող ժամանակահատվածում, գուցե, Ալիեւը եւս մեկ անգամ ուժ փորձարկելու գայթակղություն ուներ: Հատուկ այդ նպատակով նա առաջնագիծ էր գործուղել Պնախարարին, ԶՈՒ ԳՇ պետին, զորատեսակների եւ զորամիավորումների հրամանատարներին, իսկ պաշտոնական քարոզչությունը հրահանգավորվել էր ֆոն ստեղծել, որ «հայկական ուժերը հրթիառակոծում են սահմանամերձ խաղաղ բնակավայրերըե: Արդյունքն Ադրբեջանի համար ողբալի էր: Այնքան, որ անցած շուրջ երեք շաբաթվա ընթացքում Պնախարար Հասանովի ձայնը չի լսվում, եւ ոչ ոք չգիտի, թե որտեղ է նա եւ ինչով է զբաղվում: Իսկ Ադրբեջանի տարբեր շրջաններից եւ քաղաքներից սոցցանցերի օգտատերերը խոսում են հողին հանձնված հերթական «շեհիդի» մասին:
Աբասոն ասել է, որ Պակիստանը, Իրանը եւ Թուրքիան «տեղեկացված են Ադրբեջանի դիրքորոշման մասին»: Սա արդեն բացահայտ բլեֆ է կամ, ավելի ճիշտ՝ սադրանք: Արցախի հարցում Պակիստանը, Թուրքիան եւ Իրանը չունեն նույն մոտեցումը: Բայց եթե ընդունենք անգամ, որ Պակիստանը եւ Թուրքիան քարոզչորեն սատարում են Ադրբեջանին, ապա հազիվ թե Իսլամաբադը եւ Անկարան բացահայտ պատերազմ հրահրելու ցանկություն ունեն: Ալիեւը ցանկալին փորձում է իրականության տեղ ներկայացնել:
Նրա բլեֆի հասցեատերն արդեն հայկական կողմը չէ, այլ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը: Ակնարկն ուղղվում է նրանց՝ «եթե այսպես չլինի, ապա մենք այնպես կանենք…»: Էժան հնարանք է, որ ավելի շատ վկայում է Ալիեւի դիվանագիտական պարտության եւ անհուսալի վիճակի մասին: Հայկական կողմի համար դա նորություն չէ: Մնում է, որ միջնորդները համապատասխան եզրակացություն անեն: Մանավանդ՝ Ռուսաստանը, որին ալիեւյան ռեժիմի խեղկատակ քարոզիչը փորձում է ներշնչել, որ Արցախի հարցում Հայաստանը «քաղաքական եւ ռազմական օժանդակություն է հայցում Արեւմուտքից»: Սա արդեն զավեշտի է նմանվում…
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: