ՀՀ-ի ու Ֆրանսիայի միջև զբոսաշրջության ոլորտում առաջընթաց կլինի
Մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում հուշագիր են ստորագրել, որով պամանավորվել են նպաստել զբոսաշրջության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես՝ Հայաստան և Ֆրանսիան նախաձեռնում են․
- հմտությունների և փորձի փոխանակում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում,
- զբոսաշրջիկների ընդունելության պայմանների և անվտանգության բարելավում երկու երկրներում,
- զբոսաշրջային ուղղությունների փոխադարձ խթանում զանգվածային լրատվամիջոցներով, զբոսաշրջային գործակալությունների ներգրավմամբ և զբոսաշրջային երթուղիների ներկայացման միջոցով,
- թեմատիկ համագործակցության զարգացում զբոսաշրջության ոլորտում, մասնավորապես գաստրոնոմիայի, մշակույթի, էկոտուրիզմի, մասնագիտական կրթության, լեռնային տուրիզմի և գյուղական տուրիզմի՝ հատկապես երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործընկերության շրջանակներում ընդգրկված ոլորտներում,
- երկու երկրների զբոսաշրջության մասնավոր հատվածների միջև փոխադարձ ներդրումների և համագործակցության խրախուսում,
- երկու երկրների արհեստագործական, գաստրոնոմիական, մշակութային և գեղարվեստական արտադրանքի փոխադարձ խրախուսում բարձր զբոսաշրջային ներուժ ունեցող տեղական և ազգային միջոցառումների շրջանակում,
- երկու երկրների միջև, զբոսաշրջության հարցերով համագործակցությունն ամրապնդող ցանկացած գործունեություն, ինչպես մասնագիտական կրթությունը, թվային տեխնոլոգիաները կամ օդային հաղորդակցությունը: