Բագրատյանը` մասսո՞ն, ”Ոսկե ծիրանը”` մասսոնական կազմակերպությո՞ւն

”Մխիթարիչ” բարեգործական ընկերության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ անդրադարձավ Հայաստանում մասսոնական մի շարք կազմակերպությունների առկայությանը: Սակայն այս անգամ Ստամբոլցյանը “բացահայտումը” արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասով էր:
Ըստ նրա` Բագրատյանը մասսոնական կազմակերպության անդամ է կամ նույնիսկ ղեկավար: ”Այս եզրահանգմանը ես եկա, երբ լսեցի Հրանտ Բագրատյանի ելույթն Ազգային ժողովում, նա հարցնում էր` ինչու է հայկական դպրոցում եկեղեցու պատմություն դասավանդվում”,-ասաց Ստամբոլցյանը:
Նա մեկ այլ հայտարարություն ևս արեց` նշելով, որ ”Ոսկե ծիրանը” ևս մասսոնական կազմակերպություն է: Դրա ապացույցն, ըստ նրա, փառատոնի լոգոն է:
”Ժապավենի միջից ծիրանն է երևում` որպես աչքի բիբ, սակայն դա մասսոնական նշան է, և բացահայտվեց, որ ”Ոսկե ծիրանը” մասսոնական կառույց է”,-շեշտեց Ստամբոլցյանը: