Բերման են ենթարկել.Հրապարակ
«Երեկ ոստիկանության Արտաշատի մարզային վարչություն են բերման ենթարկել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արգամ Աբրահամյանի բարեկամին՝ Խաչիկ Հովհաննիսյանին, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի փեսային:
Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը, Հովիկ Աբրահամյանի քային հետեւելով, եւս լքեց ՀՀԿ-ն եւ հիմա «Ծառուկյան» դաշինքի ցուցակում է:
«Մի քանի ոստիկանության մեքենաներով բերման են ենթարկել փեսային, իբր մի քանի օր առաջ կտրել է մարզային ոստիկանապետի մեքենայի առջեւ։ Ես համոզված եմ, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի, որի հետեւում, պաշտոնապես հայտարարում եմ, որ կանգնած է մարզային ոստիկանության վարչության պետ Սեւան Քոչարյանը: Ինչ է թե նա Արգամ Աբրահամյանի ընկերն է եւ կարող է ակտիվություն դրսեւորել», -մեզ ասաց Կարինե Պողոսյանը, ապա հավելեց նաեւ, որ բերման ենթարկողները «միամտաբար» ասել են նաեւ, որ հրահանգ են կատարում:
«Վերջին ժամանակներս «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների աջակիցների շրջանում նմանատիպ բազում դեպքեր են գրանցվում, այսօր արդեն համբերության բաժակը լցվել է։ Նախկինում էլ դաշինքի ակտիվիստներին են բերման ենթարկում, վախացնում, պետական համակարգում աշխատողներին են հեռացնում: Ես պիտի խնդրեմ մեր ոստիկանապետ Գասպարյան Վովային, որին շատ հարգում եմ, որ ուշադրություն դարձնի Արարատի մարզին, որտեղ տիրում է մի ուրիշ կարգի գործելաոճ։ Գասպարյանի մարզային խորհրդակցությունից հետո այստեղ համապատասխան հետեւություններ չարեցին, եթե չասեմ, որ հակառակը փոխեցին իրենց գործելաոճը։ Մարզային ոստիկանապետը ցուցաբերում է հայ ոստիկանին ոչ հարիր պահվածք»։
Պողոսյանի փեսային մի քանի ժամ ոստիկանությունում պահելուց հետո ազատ են արձակել: