Օֆշորում առանց թույլտվության կարելի է ձեռնարկություն գրանցել. Կիպրոսի դատախազը ստո՞ւմ էր

՛՛Վարչապետն արել է հնարավոր ամենաճշգրիտ քայլը՝ խնդրելով պարզել, թե ինչպես է իր կողմից չարտոնված ձևերով իր անունը հայտնվել այնտեղ: Ես գիտեմ, որ այսպիսի հնարավորություններ կան ու դատախազությունը կպարզի, որ կա այդպիսի հնարավորություն՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ստեղծված օֆշորային պատմության մասին:
Հարցին, թե արդյոք մեր տնտեսական վատ վիճակը բավարար պատճառ չէ, որ վարչապետը հրաժարական տա, Մինասյանը պատասխանեց. ՛՛Մենք ունենք հաջողություններ ու բացթողումներ, և ես այն համոզմանն եմ, որ մեր կառավարությունը իրականությանը համարժեք քայլ է կատարում՛՛:
Henaran.am-ի դիտարկմանը, որ նշանակում է, թե Կիպրոսի դատախազը ստում էր, երբ ասում էր, որ առանց անձի թույլտվության չի կարող օֆշորային գոտում ձեռնարկություն բացել, պատգամավորն արձագանքեց, որ պետք է ուշադրություն դարձնել Կիպրոսի դատախազի հայտարարության հատկապես վերջին տողերին, որ յուրաքանչյուր առանձին գործ պետք է առանձին քննարկվի:
Ինչ վերաբերում է վերջերս մամուլում շրջանառվող հարցին, թե իշխանության ներսում արդեն պայքար է սկսվել նախագահ Սերժ Սարգսյանի իրավահաջորդի համար, Մինասյանն ասաց.
՛՛Չի քննարկվում, ժամանակավրեպ է այդ հարցի քննարկումը՛՛: