Ուր են գնում պետության միլիոնները. ինչ է կատարվում ինսուլինի պետական գնումների ոլորտում

Դեղերի պետական գնումների ոլորտը, մասնավորապես ինսուլինի որակը, դեֆիցիտը առողջապահական ոլորտի ամենացցուն խնդիրներից է: “Էլայ Լիլի” ընկերության տարածքային մենեջեր Սիլվա Բարսեղյանն այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսեց դեղերի, մասնավորապես ինսուլինի ձեռքբերման պետական գնումների գործընթացից:
Բանախոսը ցավ հայտնեց, որ այսօր բացակայում է մասնագիտական մոտեցումը` “ոլորտում առկա խնդիրները մենք շարունակ բարձրացնում ենք, նախարարին արվել է բազմաթիվ գրավոր առաջարկներ, որոնց էությունը կայանում է նրանում ,որ դեղերը թանկ չլինեն և ձեռք բերվեն ուղիղ արտադրողից:
Ինչպես է մեզ մոտ որոշվում դեղի նախահաշվարկային գինը”: Ըստ Սիլվա Բարսեղյանի` նախահաշվարկային գինը Հայաստանում որոշվում է ոչ ճիշտ կարգով` բրենդային դեղի գնի արժեքին գումարում է ոչ բրենդային դեղի արժեքը, բաժանվում է երկուսի և ստացվում է միջին արժեքը:
Սիլվա Բարսեղյանին անհանգստացնում այն է , որ դեղերի պետական գնումների ժամանակ խախտվում են մասնագիտական մոտեցման նորմերը: Պետական գնումների ցանկից բրենդային դեղը բաց է թողնվում, քանի որ այն ավելի թանկ է, քան ոչ բրենդային արտադրանքը: Արդյունքում ոչ բրենդային դեղամիջոցների մատակարարումից հսկայական գերշահույթ են ստանում մատակարար տեղական ՍՊԸ-ները:
Սիլվա Բարսեղյանի խոսքով`ՀՀ ԱՆ-ի պետական գնումներով 2013 թ-ի գնում է “Պերդաման” հնդկական ընկերության “Դիազոն”, “Դիամետ”, և “Դիամար” դեղերը, որոնք անգամ արտադրող երկրում `Հնդկաստանում, գրանցված չեն:
“Առողջապահության նախարարությունը հունիսի 15-ին դիմել էր մեզ` ինսուլինի մատակարարման համար: Բացի մեր կազմակերպությունից` նման առաջարկ արվել է ևս երկու կազմակերպության: Մեր առաջարկն այսպիսին է` ԱՆ-ը կարող է “Էլայ լիլլի” ընկերությունից գնել բարձրորակ ինսուլին ավելի մատչելի գներով:
Մեկ այլ կազմակերպության`”Սանոֆի Ավետիսի” առաջարկում է ցածրորակ, կիսասինթետիկ ծագում ունեցող ինսուլին, ընդ որում`մեր ինսուլինը “Սանոֆի Ավետիսի” ինսուլինից 1163 դրամով էժան է, այսինքն` մեր ապրանքը գնելու դեպքում հինգ տարվա ընթացքում պետությունը տնտեսում է 251 մլն դրամ “,- նկատեց Սիլվա Բարսեղյանը:
Սակայն առայսօր “էլայ Լիլլի ” ընկերությունը պատասխան չի ստացել, չնայած նրան որ բանակցություններ են ընթանում մեկ այլ ընկերության հետ, ով ավելի թանկ գնով է առաջարկում դեղերը: Հենց այս ընկերությանն էլ առաջարկվել է պայմանագրի նախագիծ: Հարց է առաջանում` ինչու է պետությունը գերադասում գնել կիսասինթետիկ ինսուլին ավելի թանկ գնով, եթե կա ավելի էժան եւ որակյալ առաջարկ: Բանախոսի մտահոգությունը հենց սա է. որն է պատճառը, որ պետությունը գնում է միջոցների փոշիացման:
“Եթե մեր առաջարկը ընդունվի ՀՀ-ը 5 տարվա կտրվածքով կխնայի ավելի քան 251 միլիոն դրամ գումար: Տարվա կտրվածքով, քանի որ տարիների ընթացքում սրվակների քանակը ավելանում է, 2014 թվականի համար նախատեսված սրվակների քանակով հաշվենք կստանանք 36 միլիոն դրամի տնտեսում”,-փաստեց Սիլվա Բարսեղյանը:
Տնտեսած գումարների հաշվին հանրապետության 300 ինսուլինկախյալ երեխաների մատակարարումն առավել որակյալ կլինի:
“Ոչ մի երկրում ինսուլինը սրվակով չեն ստանում և ներարկիչով չեն ներարկում: Վաղուց արդեն կիրառվում է գրիչ- կարտրիջներ, որոնք ավելի մատչելի են, դիաբետիկը կարող է դա իր մոտ պահել և դրանով ինսուլին ստանալ, նաև ինսուլինը իր հետ տեղաշարժել”:
Ի դեպ, բանախոսը չբացառեց, որ շուտով իրենց ընկերության տարածաշրջանային գրասենյակ Երեւանում չի լինի` կտեղափոխեն Թբիլիսի, քանի որ “օրիգինալ դեղարտադրողների շահերը Հայաստանում պաշտպանված չեն”: