Երեւանի քաղաքապետարանը “Ոսկե Ծիրանի” կողքին է
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ մասնակցել է “Ոսկե ծիրան” միջազգային 10-րդ կինոփառատոնի պաշտոնական փակման հանդիսավոր արարողությանը:
Շնորհավորելով փառատոնի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է. “Փառատոնի օրերին իսկապես մեծ ոգեւորություն է նկատվում մայրաքաղաքում: Երեւանցիները մեծ հպարտությամբ են մասնակիցը դառնում այս ընթացքում տեղի ունեցող բոլոր միջոցառումների: Վստահ եմ, որ հաջորդ տարիներին “Ոսկե ծիրանը” ավելի ու ավելի կզարգացնի իր ծրագրերը եւ ավելի ներկայանալի կդառնա: Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է լինելու կազմակերպիչների կողքին, որպեսզի կինոարտադրողներն ու ստեղծագործողները նոր հնարավորություններ ստանան աշխարհին ներկայանալու”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կինոփառատոնի կազմակերպիչ Հարություն Խաչատրյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետարանին եւ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ փառատոնի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար:
Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ մայրաքաղաքի մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի եւ “Ոսկե ծիրան” երեւանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի առթիվ “Կինոյի զարգացման “Ոսկե ծիրան” հասարակական կազմակերպության տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն