Բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը
Հուլիսի 12-ին կայացավ Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության հերթական հանրահավաքը:Հանրահավաքի վերջում ելույթ ունեցավ Նախախորհրդարանի նախաձեռնող խմբի համակարգող Գարեգին Չուգասզյանը, ով խոսեց ՊՆ սպա Վահե Ավետյանի սպանության մասին, անդրադարձավ երկրում տեղի ունեցող անարդարություններին, մասնավորապես Երևանի Փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարությանը: Չուգասզյանը հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց բարբարոսություն անհապաղ դադարեցնելու համար հավաքը շարունակել Փակ շուկայի դիմաց:
Սակայն հավաքի մասնակիցների երթը Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկի մոտ կասեցրեցին ոստիկանները: Ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ երթը անօրինական է: Տեղեկացնենք, որ Մաշտոցի պողոտայով դեպի Փակ շուկա շարժվելու ընթացքի ժամանակ ոստիկանության կողմից Երևանի ոստիկանության կենտրոնի բաժանմունք է տեղափոխվել Գարեգին Չուգասզյանը:
Բերման ենթարկվելու հանգամանքները և դրա օրինականությունը դեռ պարզված չէ: