«Կզաքիսով տիկինը» (իտալ.՝ Dama con l’ermellino) Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող աշխարհահռչակ կտավներից է։ Բազմաթիվ հետազոտողների կարծիքով այն Միլանի դուքս Լյուդովիկո Սֆորզայի սիրուհու` Չեչիլիա Գալերանիի դիմանկարն է, ինչը հաստատվում է կտավի խորհրդանշական բարդ համակարգով։ «Մոնա Լիզա», «Ջինևրա դե Բենչիի դիմանկար», «Չքնաղ Ֆերոնիերան», «Կզաքիսով տիկինը». ահա այս չորս կտավները կանանց պատկերող՝ դա Վինչիի ամենահայտնի ստեղծագործություններից են:
(Լեոնարդո դա Վինչի, «Կզաքիսով տիկինը» 1483-1485 թթ.)
Ենթադրվում է, որ Լեոնարդոն, ով աշխատում էր Միլանի պալատում, դիմանկարը ստեղծել է այն ժամանակ, երբ Չեչիլիան դուքսի սիրուհին էր` 1489-1490 թվականներին։ Գրականության մեջ ընդունված է այն կարծիքը, որ դիմանկարը պատկերում է 17-ամյա Չեչիլիային, ինչը այլևս ապացուցման ենթակա չէ։ Մյուս կողմից` հանդիպում է թվագրում, որը վերաբերում է նկարչի` Միլանում աշխատելու վաղ շրջանին` 1482-1483 թվականներին։ Այդ դեպքում նկարում պատկերված չէ Չեչիլիան, քանի որ այդ ժամանակ վերջինս ընդամենը 10 տարեկան էր։ Ուրիշ աղբյուրներով կտավը ստեղծվել է 1487 թվականին, ինչի ապացույցն է Չեչիլիայի` իսպանական նորաձևությամբ սանրվածքը, որը Միլան է ներմուծել Իզաբել Արագոնցին. վերջինիս ամուսնության տարեթիվը Լյուդովիկո Սֆորզայի զարմիկի հետ հայտնի է:
Կան Չեչիլիայի և Դա Վինչիի ծանոթության անուղղակի վկայություններ։ Նրանք հանդիպել են Սֆորզայի ամրոցում։ Ամենայն հավանականությամբ 1489 թվականին նկարիչը սկսել է նկարել դիմանկարը։ Չեչիլիան հրավիրել է նկարչին միլանյան մտավորականության հավաքույթներին, որոնց ժամանակ քննարկվել են փիլիսոփայական և տարբեր այլ գիտություններին վերաբերող հարցեր։ Չեչիլիան անձամբ գլխավորում էր այդ հավաքույթները։
Պահպանվել է Լեոնարդոյի նամակի սևագրությունը, որը ենթադրաբար ուղղված է Չեչիլիային։ Նամակը սկսվում է հետևյալ կերպ. «Սիրելի’դ իմ աստվածուհի (amantissima mia diva)…»: Կա ենթադրություն, որ նրանք մտերիմներ են եղել, սակայն այդ տեսակետը հիմնավորված չէ, քանի որ այսպիսի դիմելաձևը սիրային նամակագրությանը բնորոշ չի եղել։ Չկան նաև վկայություններ, որ Լեոնարդոն հետաքրքրված է եղել կանանցով:
Ասում են, որ իտալացի բանաստեղծ Բերնարդո Բելինչիոնեն (1452—1492), տեսնելով Չեչիլիայի դիմանկարը, ասել է. «Լոմբարդյան բիրտ որկրամոլներին տրվել է փայլուն դաս. անասնակերով լեցուն ախոռում տոսկանացուն հաջողվել է գտնել մաքուր գոհար»: Բանաստեղծը գրել է նաև սոնետ, որ տպագրվել է նրա մահից մեկ տարի անց (բանաստեղծն ու նկարիչը ծանոթ են եղել):
Ենթադրաբար «Կզաքիսով տիկինը» կտավն է հիշատակված Չեչիլիա Գալերիանիի` Իզաբել դե Էստեեին ուղղված նամակում (1489 թվական, ապրիլի 29)։ Իզաբելը խնդրում է ուղարկել նկարը, որպեսզի համեմատի այն Ջովաննի Բելլինիի աշխատանքի հետ. «Իմանալով, որ Լեոնարդոն նկարել է Ձեր դիմանկարը, խնդրում ենք մեծահոգի լինել և ուղարկել այն, որպեսզի մենք ոչ միայն համեմատենք երկու նկարիչների գործերը, այլև մեկ անգամ ևս առիթ ունենանք Ձեր վեհասքանչ դեմքը տեսնելու»:
Չեչիլիան պատասխանում է, որ դիմանկարը բնորդուհուն արդեն այնքան էլ նման չէ, քանի որ կտավը ստեղծելու ժամանակ ինքը շատ երիտասարդ է եղել. իր կերպարանքը բավական փոխվել է (per esser fatto esso ritratto in una eta sм imperfecta che io ho poi cambiata tutta quella effigie)։ Դիմանկարը ուղարկվել է Իզաբելին: