Հայաստանում եւս կան բաստիլներ, որոնք պետք է գրավվեն. Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլի գրավման տոնի կապակցությամբ այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
՛՛Բարև ձեզ բոլորիդ, ուրախ եմ այստեղ լինել՛՛,-հայերենով լրագրողներին ողջունեց դեսպանը:
Նա նշեց, որ ժողովրդական լայն մասսաների մոտ հուլիսի 14-ը շարունակում է ասոցացված մնալ՝ որպես Բաստիլի գրավման տոն, սակայն այն ավելի շուտ համընկնում է ֆեդերացիայի տոնի հետ: ՛՛Բաստիլների գրավումը մշտական շարժում է, որը երբևիցե չի դադարում, միշտ էլ կլինեն տեղեր, որտեղ առիթ կլինի բաստիլներ գրավել, որովհետև ազատությունն ու ժողովրդավարությունը մեկընդմիշտ կայացած արժեքներ, գաղափարներ չեն, սրանք միշտ հղկվելու ենթակա են՛՛,-ասաց Անրի Ռենոն:
Նրա խոսքով՝ Հայաստանում ևս կան բաստիլներ, որոնք պետք է գրավվեն:
՛՛Նայում եմ հիմա ձեր լրագրողների թվում գերակշիռ մեծամասնությունը կազմում են կանայք, նրանք էլ իրենց կարգավճակից ելնելով` պակաս բաստիլներ չեն՛՛,-նկատեց նա՝ հավելելով, որ հեղափոխականներն անգիտակացբար առաջին պլան էին մղել կնոջը, քանի որ հեղափոխության խորհրդանիշը կնոջ կերպարով է հանդես գալիս, իսկ Հայաստանում կանանցից ունեցած ակնկալիքներն, ըստ դեսպանի, ավելի բարձր են:
Անրի Ռենոն պատմեց, որ Ֆրանսիայում կատարված բարեփոխումների արդյունքում ոչ մի ֆրանսիացու հայտն ուղղված կառավարության չի կարող անպատասխան մնալ: Դեսպանը նկատեց` ինչպես Հայաստանին, այնպես էլ յուրաքանչյուր երկրին բարեփոխումներ են անհրաժեշտ: