Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/001_1373551067.jpg)
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14-ից մինչեւ 16-ը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հերթական ընդունելության օրը՝ հուլիսի 11-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցով անձամբ է եղել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում ու լսել բնակիչներին:
Քաղաքապետի հետ անակնկալ հանդիպումը ողջունվել է բնակիչների կողմից: Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ այսուհետ անակնկալ այցերով պարբերաբար կլինի բոլոր վարչական շրջաններում՝ տեղում հետեւելու վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կազմակերպվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ անձամբ լսելու եւ ծանոթանալու բնակիչների բարձրացրած խնդիրներին:
Բնակիչների կողմից քաղաքապետին ներկայացված խնդիրները հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթ: Լսելով բարձրացվող հարցերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին տեղում հանձնարարել է լինել հետեւողական դրանց լուծման հարցում:
Քաղաքապետարանի ստորաբաժանումներում ու վարչական շրջաններում հաստատված ընդունելության օրերի սահմանմամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից բոլոր պատասխանատուների առջեւ հստակ խնդիր է դրվել բնակիչների հետ անմիջական շփման միջոցով առավել տեղեկացված լինել բարձրացվող խնդիրներին ու հնարավորին արագ լուծում տալ դրանց:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն