26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Ոսկե ծիրանի” տասնամյա հագեցած պատմությունը գնահատելի եւ խրախուսելի իրողություն է. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի մասանկիցներին: Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ.

“Ջերմորեն ողջունում եմ “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին: Երեւանում անցկացվող արդեն տասներորդ՝ հոբելյանական փառատոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ նախաձեռնողներին եւ իրականացնողներին:

Մենք դեռ շատ անելիքներ ունենք համաշխարհային կինոքարտեզի վրա մեր դիրքն ամրապնդելու համար, ուստի առանձնահատուկ կարեւորություն ունի “Ոսկե ծիրանի”` տարածաշրջանում առաջնային կինոփառատոն լինելու փաստը: Անցած տասը տարիների ընթացքում համաշխարհային կինոյի բազմաթիվ նշանավոր գործիչներ իրենց համար նորովի բացահայտեցին Հայաստանը՝ դառնալով մեր երկրի հարազատ ու նվիրյալ բարեկամները: Անուրանալի է, որ այսպիսի փառատոնը մեծ պատիվ է ցանկացած երկրի համար եւ հիանալի առիթ` մշակութային նոր կապեր հաստատելու ուղղությամբ:

Դա է վկայում փառատոնի մասնակիցների ընդարձակ աշխարհագրությունը, ինչպես նաեւ միջազգային լայն լսարան ունեցող մի շարք լրատվամիջոցների հետաքրքրությունը “Ոսկե ծիրանի” եւ մեր երկրի հանդեպ:

Շատ կարեւոր է փառատոնի` ազգային կինոյի զարգացմանը նպաստելու առաքելությունը եւ “Ոսկե ծիրան” միջազգային կինոդպրոցի հիմնադրումը: Այսօր արդեն փառատոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերը Հայաստանն են ներկայացնում միջազգային բազում կինոհարթակներում: “Ոսկե ծիրանի” տասնամյա հագեցած պատմությունը գնահատելի եւ խրախուսելի իրողություն է, որը հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը:

Հարգելի՛ բարեկամներ,

Կրկին ողջունում եմ տասներորդ` հոբելյանական կինոփառատոնի մասնակիցներին եւ հյուրերին: Հորդորում եմ ձեզ հավատարիմ լինել “Քաղաքակրթությունների եւ մշակույթների խաչմերուկ” նշանաբանին եւ պահապանել ու խորացնել փառատոնի կարեւոր ձեռքբերումներն ու բարձր հեղինակությունը: Կազմակերպիչներին մաղթում եմ ուժ եւ եռանդ, որպեսզի նույն կորովով շարունակեն տասը տարի առաջ սկսած իրենց ազնիվ գործը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ