Լուծում չունեմ, չեմ հասկանում` ինչ կարելի է անել. նախարար
«Լուծում չունեմ, չեմ հասկանում` ինչ կարելի է անել, քանի որ դա Գյուղատնտեսության նախարարության ուղղությունը չէ»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում նվազեցնել գյուղացիների` բարձր տոկոսադրույքով տրվող վարկերի հարցը:
«Բանկերը չունեն 24 տոկոսանոց վարկեր, դրանք ֆինանսական կառույցներ են` կարճաժամկետ վարկեր տրամադրող, որոնց ոչ վարկունակ գյուղացին դիմում է անկախ ոչ մի բանից, վերցնում է այդ վարկերը: Այդտեղ պետությունը չի կարող ասել՝ չգնաս վերցնես, իսկ բանկերն էլ չեն կարող տրամադրել ցածր վարկ, քանի որ համապատասխան տնտեսությունը գրավադրված է»,- պատասխանեց նախարարը: Նա նշեց, որ բանկերը այժմ շատ ծանր վիճակում են` պայմանավորված անվերադարձելի վարկերով: «Բանկն էլ նույնպես շատ ծանր վիճակում է, բանկերն ունեն անվերադարձելի վարկերի հարց, որոնք արդեն գիտեն` չեն վերադարձվի, բայց չգիտեն` ինչ անեն: Այստեղ հարցը երկկողմանի է՝ և՛ բանկ, և՛ գյուղացիական տնտեսություն, դրա համար, երևի, դա ամենաբարդ հարցերից է, որի լուծումը ես չունեմ, բայց քննարկման ընթացքում է»,-ընդգծեց նախարարը: