Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Հայաստանն այսօր` հուլիսի 5-ին, նշում է ՀՀ Սահմանադրության օրը: Մեր երկրի Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը:
Սահմանադրությունը նաեւ արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը եւ ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը:
Հայաստանի Մայր օրենքը հանրաքվեի միջոցով ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին: 2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում:
Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց: Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին եւ ընդունվեց:
Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նշանակալիորեն կրճատվեցին Նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց:
Հայաստանի Սահմանադրությամբ՝ Հայաստանը կիսանախագահական կառավարմամբ երկիր է:
Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության, հռչակեց մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձեւը՝ հիմնված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա:
Henaran.am-ը շնորհավորում է բոլորին Սահմանադրության տոնի առթիվ: Մաղթանքը մեկն է՝ չմեղադրել մեկմեկու, եւ այնպես անել, որ երկրում իսկապես գործի Մայր օրենքը: