Իրավունք չունեմ չհավատալ Կիպրոսի դատախազին. ՍԴ նախագահ
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի անվան շուրջ ծագահծ օֆշորային սկանդալին:
ՍԴ նախագահը նախ նշեց, որ պետք է դիմել իրավական խորհրդատուներին . “Այդ հարցի մասնագետը ես չեմ, չեմ կարող ասել, քանի որ թեմայով չեմ զբաղվել, ես իրավունք չունեմ կարծիք հայտնել մի բանի մասին, որը չեմ ուսումնասիրել: Ինձնից մի փորձեք քաղաքական այլ եզրահանգումներ սպասել”:
Հարցին, թե ամեն դեպքում օրենքով ինչ է սահմանված, ՍԴ նախագահը պատասխանեց, որ պետք է ուսումնասիրել տվյալ երկրի օրենսդրությունը, տեսնել, թե օֆշոր ասելով ինչ ենք հասկանում: “Օֆշոր ասելով չպետք է հասկանանք վերացական ինչ-որ բան: Դա վերաբերում է կոնկրետ երկրի կոնկրետ օրենսդրությանը: Պետք է ուսումնասիրել, տեսնել` հնարավոր է, հնարավոր չէ, ճիշտ է, սխալ է”,-նկատեց նա:
Հարցին, թե չի՞ հավատում Կիպրոսի դատախազի հայտարարությանը, որ հնարավոր չէ առանց տվյալ անձի ներկայությամբ կամ լիազորությամբ օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել, ՍԴ նախագահն արձագանքեց. “Իրավունք չունեմ չհավատալ: Ինքը ավելի լավ գիտի իրենց օրենսդրությունը, քան ես: Ինչպե՞ս կարող եմ չհավատալ”: