09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանձնարարվել է խստորեն վերահսկել շինարարական աշխատանքների կատարման որակի ապահովումը

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարության եւ հողազավթումների  կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ տարվող մշտական հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 6 դեպք: Ընդգծելով, որ նախորդ տարիների համեմատ դեպքերն էապես նվազել են, քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա աշխատանքը` դրանք բացառելու ուղղությամբ:

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցների կողմից շահարկված Սունդուկյան փողոցի 90 շենքին  հարակից բակային տարածքում նախատեսված աշխատանքների հետ կապված` Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ բնակիչների հարմարավետ հանգստի կազմակերպման նպատակով նախատեսվել է բակի բարեկարգում: Համաձայն զեկույցի՝ որոշ բնակիչների կողմից տարիներ առաջ զավթած հողակտորների մի մասը ծառայել են որպես բոստանային տարածքներ, մյուս մասում էլ եղել են ավտոտնակներ, որոնք ապամոնտաժվել են: Վարչական շրջանի ղեկավարը նաեւ զեկուցել է, որ սույն աշխատանքների շրջանակում մշակվել է տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծ, որը ներկայացվել է բնակիչներին ու արժանացել նաեւ նրանց հավանությանը:

“Մենք բազմիցս ենք հայտարարել, որ մայրաքաղաքի բոլոր բակային տարածքները վերադարձնելու ենք երեւանցիներին: Այդ ուղղությամբ վերջին երկու տարիների ընթացքում մեր կողմից կատարած աշխատանքները դրական արդյունք են տվել ու ընդունվել են բնակիչների կողմից: Ըստ այդմ, առաջիկա 4 տարիներին եւս շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները, որպեսզի ծրագիրը հասցնենք ավարտին, եւ Երեւանի բոլոր բակերը ծառայեն մեր քաղաքացիներին”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով շինբարեկարգման տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետը  հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել դրանց որակի ապահովման ուղղությամբ:

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի ենթակայության կառույցների կողմից գնման գործընթացների կազմակերպմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետեւել դրանց համապատասխանությանը գնումների օրենսդրությանը եւ կնքված պայմանագրերի պատշաճ կատարմանը: Քաղաքապետը նաեւ հանձնարարել է յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ կատարած աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն:

Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման ու ընթացիկ նորոգման աշխատանքները: Զուգահեռաբար իրականացվում են նաեւ փողոցների գծանշման, ճանապարհային երթեւեկության վնասված նշանների փոխարինման ու վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է մինչեւ նոր ուսումնական տարեսկիզբ ապահովել կրթական բոլոր հաստատությունների հարակից փողոցների գծանշումները:

Անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման եւ այլ աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 145 վարչական արձանագրություն: 

Զեկուցվել է, որ շարունակվում են վարչական շրջանների, համատիրությունների, ինչպես նաեւ համատիրություն-վարչական շրջան համատեղ ուժերով իրականացվող բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել եւ հետագայում ծրագրերում ներառել նաեւ շենքերի բոլոր հարկաբաժինների աստիճանահարթակների վերանորոգման աշխատանքները:

Երեւանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ավարտվել են մայրաքաղաքի ծրագրով նախատեսված թվով 35 կամարանցումների վերանորոգման եւ նկարազարդման աշխատանքները: Ընթացքի մեջ են բակային տարածքների նկարազարդումները:

Անդրադառնալով “Ավելի մաքուր Երեւան” կարգախոսով ծրագրին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ պետական կառույցների,  նաեւ՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ նախորդ շաբաթ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել “Հաղթանակ” զբոսայգում: Քաղաքապետը հանձնարարել է ծրագրի շրջանակում առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, մինչեւ սեպտեմբեր, յուրաքանչյուր շաբաթ մաքրման աշխատանքներ կազմակերպելու վերաբերյալ:

Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը զեկուցել է, որ հուլիսի 1-ից վարչական շրջաններում մեկնարկում են բակային ճամբարները: Նախատեսված են մարզական եւ մշակութային մի շարք միջոցառումներ ու մրցույթներ, էքսկուրսիաներ եւ հանդիպումներ մտավորականների հետ:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ