26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում հանդես կգա հանրահայտ դիրիժոր եւ դաշնակահար Միքայել Վենդեբերգը

Ս. թ. հունիսի 29-ին, ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի հիշատակին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի մասնակցությամբ համերգը կղեկավարի շվեյցարացի հանրահայտ դիրիժոր եւ դաշնակահար Միքայել Վենդեբերգը: Ծրագրում կհնչեն Իգոր Ստրավինսկու “Հրեղեն հավքը”, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի “Շահրիզադե” սյուիտները եւ Էդուարդ Հայրապետյանի հարվածային գործիքների /տիմպանի, մարիմբա/ եւ լարային նվագախմբի համար կոնցերտը՝ մենակատար Արսեն Տեր-Տաճատյանի կատարմամբ:

Դիրիժոր եւ դաշնակահար Միքայել Վենդեբերգը ծնվել է 1974 թ. Գերմանիայում: Որպես դաշնակահար ուսանել է Մարկուս Ստենջի, Բեռնդ Գլեմսերի եւ Բենեդետտո Լուպոյի դասարաններում, որպես դիրիժոր` Տոշիյուկի Կամիոկայի մոտ: Աշխատել է Բեռլինի պետական կապելլայի, Քյոլնի “Մյուզիք ֆաբրիկ”, Բեռլինի “Նոր երաժշտություն” կամերային, Շտուտգարտի “Նոր վոկալ սոլիստներ” անսամբլների, Բեռլինի “Apolloni et Musis” պետական օպերային թատրոնի կամերային երգչախմբի, Լյուբլյանայի ֆիլհարմոնիկ եւ Վուպերտալի սիմֆոնիկ նվագախմբերի հետ՝ որպես դիրիժոր: Հանդես է եկել նաեւ Ցյուրիխի “Collegium Novum” անսամբլի հետ՝ որպես առաջին հրավիրված դիրիժոր: 2008-2010 թթ աշխատել է Բեռլինի պետական օպերային թատրոնում՝ Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ, որտեղ եղել է նաեւ Պիեռ Բուլեի եւ Սըր Սիմոն Ռեթթլի ասիստենտը: 2010-2011 թթ ղեկավարել է Մանհեյմի ազգային թատրոնի նվագախումբը: 2011 թ-ից աշխատում է Լյուցերնի թատրոնում՝ որպես դիրիժոր եւ երաժշտական ղեկավարի տեղակալ: Ներկայումս “Contrechamps” անսամբլի երաժշտական ղեկավարն է: Մ. Վենդեբերգը մասնակցել է Մյունխենի եւ Վենետիկի բիենալեներին, Վիեննայի “Մոդեռն”, Բրեգենզի, Մադրիդի, Շտուտգարտի, Էկլայի եւ Լյուցերնի փառատոներին եւ այլն: Նրա երկացանկում ընդգրկված են դասական, ժամանակակից եւ նեոժամանակակից ստեղծագործություններ ՝ Բախից մինչեւ Շոնբերգ: Արվեստագետին, հատկապես, հետաքրքրում է տարբեր մշակույթների ավանդույթների բախումն ու ընկալումը, հնագույն եւ ժամանակակից երաժշտության վերարտադրումը եւ մատուցումը: Օպերային բեմադրություններում Վենդեբերգը փնտրում է բեմական եւ երաժշտական հայեցակարգերում համագործակցության եզրեր:

Տիմպանահար եւ մարիմբահար Արսեն Տեր-Տաճատյանն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետեւ Գերմանիայի Վյուրցբուրգի երաժշտական ակադեմիայում ստացել է հարվածային գործիքների մենակատարի որակավորում: Համագործակցել է Հունաստանի ազգային ռադիոյի, Աթենքի եւ Գերմանիայի “Philharmonie der Nationen”, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, ժամանակակից երաժշտության նվագախմբերի, ինչպես նաեւ՝ Հունաստանի ազգային պետական օպերային թատրոնի եւ Մոսկվայի հարվածային գործիքների անսամբլի հետ: Ներկայումս աշխատում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես սիմֆոնիկ նվագախմբի մենակատար տիմպանահար եւ Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում՝ որպես հարվածային գործիքների ուսուցիչ: Արսեն Տեր-Տաճատյանը միջազգային երաժշտական մրցույթների եւ փառատոների դափնեկիր է: Մենահամերգներ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում եւ արտերկրում՝ Հունաստան, Լեհաստան, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Շվեյցարիա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ