Կրկնակի դիպլոմ` համալսարանականներին
Հունիսի 28-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնի շրջանավարտները դիպլոմներ ստացան: Մասնավորապես “Վիզուալ հաշվարկ” մագիստրոսական ծրագրի շրջանավարտները ստացան միանգամից երկու դիպլոմ՝ ԵՊՀ-ի եւ Ռոստոկի համալսարանի, իսկ “Տեղեկատվական համակարգերի մշակում” ծրագրի մագիստրոսները՝ միայն Մայր բուհի:
DAAD-ի աջակցությամբ ԵՊՀ ՏՏ կրթական եւ հետազոտական կենտրոնի ու Գերմանիայի Ռոստոկի համալսարանի (ՌՀ) կողմից համատեղ իրականացվող “Վիզուալ հաշվարկ” մագիստրոսական աննախադեպ ծրագիրը ԵՊՀ-ում մեկնարկել է դեռեւս 2010-2011 ուստարում:
Ծրագրի մասնակից ուսանողները 3 կիսամյակ սովորել են ԵՊՀ-ում, իսկ ավարտական կիսամյակի ընթացքում գտնվել են Ռոստոկի համալսարանում, որտեղ էլ պաշտպանել են մագիստրոսական թեզերը: Դասավանդումը կազմակերպվել է ՌՀ եւ ԵՊՀ դասախոսների կողմից, ընդ որում` ՌՀ դասախոսների կողմից ուսուցումն իրականացվել է հեռահար եղանակով` ԵՊՀ դասախոսների օժանդակությամբ:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ Գեղամ Գեւորգյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Արարատ Մալխասյանը, ՏՏԿՀ կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը, շրջանավարտների հարազատներն ու ընկերները:
Համալսարանականներին նախ ողջունեց ԵՊՀ ռեկտորը. “Այսօր բոլորիս համար իսկական տոն է, եւ այն առանձնահատուկ է այնքանով, որ այսօրվա շրջանավարտների մի մասը կրկնակի դիպլոմ է ստանում: Ռոստոկի համալսարանը ԵՊՀ-ի վաղեմի գործընկերներից է, եւ ես այսօր շատ ուրախ եմ, որ բուհերի համագործակցությունը հաջողված է: Հաջողված է ոչ միայն արդյունավետ համագործակցության, այլեւ արժանի եւ յուրաքանչյուրիս մեջ հպարտության զգացում արթնացնող փայլուն ուսանողների տեսանկյունից: Համալսարանականները կարողացել են գերել եվրոպական գիտնականներին իրենց գիտելիքներով եւ խելացիությամբ, ինչը պատիվ է բերում Մայր բուհին”:
Արամ Սիմոնյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Սամվել Շուքուրյանին ծրագիրը հաջողությամբ ավարտելու, որակյալ կադրեր պատրաստելու եւ Մայր բուհին արժանի սաներ կրթելու համար:
“Ես նույնպես շատ ուրախ եմ, որ մեր ուսանողները կարողացան ըստ արժանվույն իրենց դրսեւորել ուսումնական գործընթացում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՊՀ ռեկտորատին՝ ի դեմս Արամ Սիմոնյանի, միշտ աջակցելու համար”,- նշեց Սամվել Շուքուրյանը:
Այնուհետեւ ներկաների ծափողջույնների ներքո պրոռեկտորները եւ Սամվել Շուքուրյանը դիպլոմներ հանձնեցին կենտրոնի շրջանավարտներին: