Նախարարն ընդունեց Իրանի դեսպանին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին։ Շնորհավորելով դիվանագետին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` նախարարը նշեց, որ երկու երկրի ժողովուրդներն էլ դարավոր ու հարուստ պատմություն ունեն, ինչը լավ հարևանության հիմք է։ Նա ասաց, որ Հայաստանի և Իրանի առողջապահության համակարգերի համագործակցությունն ընթանում է երկու երկրի նախարարների կողմից ստորագրված համագործակցության հուշագրերի շրջանակներում: Նախարարը նորանշանակ դեսպանին տեղեկացրեց, որ վերջին շրջանում ակտիվացել է բժիշկների և գիտնականների հայ-իրանական փոխհամագործակցությունը, ինչպես նաև հիգիենիկ-հակահամաճարակային իրադրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը:
Դերենիկ Դումանյանն անդրադարձավ նաև անցած աշնանը Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում քննարկված այն հարցերին, որոնք վերաբերել են բուժական, դեղագործական, հիգիենիկ-հակահամաճարակային պայքարի ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրանական կողմին ներկայացված «ՀՀ և ԻԻՀ տարածքներում հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների, տարածաշրջանային և անդրսահմանային նշանակության արտակարգ իրավիճակների արձանագրման դեպքում փոխտեղեկատվության ապահովման վերաբերյալ» կարգի նախագծի վրա և նշեց, որ փաստաթղթի ստորագրումից հետո երկու երկրի առողջապահության նախարարությունների համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի։
Դերենիկ Դումանյանը հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ պատրաստակամ են Երևանում ընդունելու ԻԻՀ բժշկական կրթության և առողջապահության նախարարության պատվիրակությանը:
“Ես վստահ եմ, որ Ձեր դեսպանության միջոցով մեր երկրների առողջապահական համակարգերի միջև փոխհամագործակցության խոր եզրեր կգտնվեն և առաջիկայում համատեղ արդյունավետ աշխատանքներ կիրականացվեն”,-ասաց Դերենիկ Դումայանը։
Մոհամմադ Ռեիսին, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար, իր հերթին նշեց, որ դարեր շարունակ կողք-կողքի ապրած ժողովուրդների համար կարևոր է, որ երկու երկրի ղեկավարները ձգտում են փոխհարաբերությունների զարգացմանը։ Նա վստահեցրեց, որ իր անձնական ներդրումը կունենա հետաքրքիր ու արդյունավետ համագործակցության համար նախապայմաններ ստեղծելու գործում։ Դեսպանը նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում վերջին տարիներին առողջապահության և դեղագործության ոլորտներում մեծ զարգացումներ են արձանագրվել։
Նախարար Դումանյանը ներկայացրեց Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացումները` անդրադառնալով Ուռուցքաբանության գերազանցության և արյունաբանական կենտրոնների կառուցմանն ու վերակառուցմանը, վերջինում ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ստեղծմանը։ Նա նշեց, որ երկրի ղեկավարը մեծ ուշադրություն է դարձնում ոլորտի զարգացմանն ու ժամանակակից կենտրոնների ստեղծմանը, ինչի արդյունքում կառուցվում ու արդիականացվում են կլինիկաներ, ստեղծվում նոր բաժանմունքներ ու ծառայություններ։ Այս ամենը փոխհամագործակցության լայն հնարավորություններ է ստեղծում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտում փոխհամագործակցության առկա հնարավորությունները և կարծիք հայտնվեց, որ համատեղ արդյունավետ աշխատանքին կնպաստի երկու երկրի այս ոլորտի մեծ ներուժը։