Ուտոպիայի ժանրից
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն է ՛՛Սարդարապատ՛՛ նախաձեռնող խմբի անդամ, ՛՛Նախախորհրդարանի՛՛ ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի այն մտքի հետ, որ Հայաստանում քաղաքական ուժեր չկան: ՛՛Սա միայն Սեֆիլյանի կարծիքը չէ, այդ մտայնությունը մենք էլ ունենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Միայն թե Վարդանյանը համամիտ չէ ՛՛Նախախորհդարանի՛՛ այն հայտարարությունների հետ, թե միայն իրենք են, որ ընդհանուր համակարգից դուրս են գործում, իսկ մյուս բոլոր ուժերը իշխանության հետ նույն համակարգում են :
՛՛Քաղաքական խնդիրները լուծվում են քաղաքական ուժերի միջոցով: Քաղաքացիական հասարակությունն, իհարկե, բացառիկ կարևոր է, բայց այն պիտի գործի նույն քաղաքական համակարգի հետ համագործակցաբար մտածելով: Որ քաղաքական ուժերը կվերանան և հասարակության խնդիրները կլուծվեն, սա ուտոպիայի ժանրից է: Ուղղակի մեր քաղաքական համակարգում կան խնդիրներ, դրանք առկա են և իշխանության ներսում, և ընդդիմության մեջ՛՛,-շեշտեց Վարդանյանը:
Հարցին, թե իմաստ ունի նրանց փողոց դուրս գալը, հանրահավաքներ անելը, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց.
՛՛Ամեն ուժ ինքն է որոշում իր գործողությունների մեխանիզմը, ինքն է որոշում իր քայլերն ու հավատացած է իր քայլերի իրավացիության մեջ:
Ես, բրև քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, եթե այդ ճանապարհը տեսնեի, ապա այդ ճանապարհով կգնայի: Եթե ես չեմ գնում այդ ճանապարհով, ուրեմն այս փուլում դա ճիշտ ճանապարհ չէ՝ իմ կարծիքով՛՛: