08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետը մասնակցել է Վարշավայի “Հայկական պուրակի” անվանակոչման հանդիսավոր արարողությանը

Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության նախագահի եւ պատվիրակության մյուս անդամների հետ  մասնակցել է Վարշավայի պուրակներից մեկը “Հայկական պուրակ” անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:

Պուրակի անվանակոչման որոշումն ընդունվել էր Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության:

Հանդիսավոր արարողության շրջանակում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին:

Պուրակի անվանակոչմանը ներկա գտնվող Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկեւիչ-Վալցը՝ որպես հանդիսավոր արարողության բարի հուշ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին է նվիրել “Հայկական պուրակ” գրառումով ցուցատախտակը:

Շնորհակալություն հայտնելով ինչպես նվերի, այնպես էլ Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից պուրակի անվանակոչման որոշման համար՝ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ օծված խաչքարի զորությամբ Աստծո օրհնությունն անպակաս լինի հայ եւ լեհ ժողովուրդներից:

Պուրակի անվանակոչման հանդիսավոր արարողությունից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները: Քաղաքապետը տեղեկացրել է համայնքի ներկայացուցիչներին, որ Երեւանի եւ Վարշավայի միջեւ ստորագրվել է Մտադրությունների հուշագիր, ինչը ենթադրում է երկու քաղաքների առավել սերտ համագործակցություն եւ, օգտվելով առիթից, հայ համայնքին առաջարկել է ակտիվորեն ներգրավվել իրականացվելիք ծրագրերում:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ