”Հաղթանակ” զբոսայգու թանգարանի տարածքը՝ 200 դրամ արժողությամբ ավտոկանգառ

Երևանի ”Հաղթանակ” զբոսայգում տիրող բարձիթողի վիճակի մասին Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա հայտնել էր, որ այգու ծառուղիների ու հրապարակների մեծ մասը վերածվել է ավտոկայանատեղիի, որտեղ վարորդներից ապօրինաբար գանձում են տեղ-տեղ՝ 100, տեղ-տեղ էլ՝ 200 դրամ գումար. ” ”Մայր Հայաստան” հուշարձանին հարակից ամբողջ սալաքարապատ տարածքում, այդ թվում՝ բաց երկնքի տակ գտնվող Հայրենական մեծ պատերազմի ռազմական տեխնիկայի թանգարանի տարածքում տեղակայված ավտոկայանատեղի մուտք գործելուց առաջին իսկ արտաքին լուսավորության հենասյունին փակցված է վահանակ՝ ”Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան”, ”Ավտոկանգառ՝ 200 դրամ” գրառումը, որը կոչված է վարորդներին հուշել, որ ”Մայր Հայաստան” հուշարձանի և բաց երկնքի տակ գտնվող Հայրենական մեծ պատերազմի ռազմական տեխնիկայի թանգարանի տարածքը հանդիսանում է 200 դրամ արժողությամբ ավտոկանգառ”:
Նամակում նշված է նաև, որ այգու կենտրոնական մուտքից դեպի ”Հիշատակի մշտական կրակ” և ”Մայր Հայաստան” հուշարձան տանող քարեսալապատված զբոսանքի ծառուղում գումար է վաստակում ”Վոլցվագեն Գոլֆ” մակնիշի կապույտ ավտոմեքենայի տերը, ով ուսումնական մեքենայի ”У” տարբերանշանը փակցրած՝ անչափահասներից ստանում է համապատասխան վարձավճար և թույլատրում է վարել մեքենան նշված ուղու ողջ երկայնքով: Նամակի հեղինակն ընդգծում է նաև, որ զբոսայգում գիշերային արտաքին լուսավորության, ոռոգման, աղբահանության և այլ ծախսեր հոգում է քաղաքապետարանը՝ իր միջոցների հաշվին. ”Մինչդեռ «Հաղթանակ” զբոսայգին շահագործման նպատակով հանձնված է ինչ-որ կազմակերպության(ների), որը ոչ մի պայմանագրային պատասխանատվություն չունի կամ եղածն էլ չի իրականացնում, որովհետև, սուբյեկտիվ պատճառներով, վերահսկող չկա: Վերջինս(ներս) ունի(են) միայն իրավունքներ, բիզնես է անում, գումար է աշխատում, սակայն չի իրականացնում այգու վերը նշված սպասարկման ծախսերը: Այդպիսի արտոնյալ պայմաններում 15-ամյա որդիս էլ կարող է հաջողակ ու խոշոր բիզնեսմեն դառնալ”: Նամակում նշված է նաև, որ այգու սրճարանների և այլ օբյեկտների տերերը դուրս են եկել թույատրելի սահմաններից, բետոնապատել կամ ասֆալտապատել են նույնիսկ բազմամյա հաստափոր ծառերի շուրջը՝ թողնելով մի փոքր շառավղով հողատարածք:
Արթուր Գասպարյանը քաղաքապետին առաջարկել է քաղաքապետարանի աշխատակազմում և/կամ ավագանու անդամներից ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի այգում առկա բոլոր խնդիրները, կիրականացնի պատշաճ վերահսկողություն, պատասխանատվության կենթարկի համապատասխան անձանց:
Ի պատասխան քաղաքապետարանի Կազմակերպական վարչությունը տեղեկացրել է, որ քաղաքապետարանի Վերահսկողական վարչությանը և մյուս համապատասխան կառույցներին հանձնարարվել է ուսումնասիրություններ կատարել ”Հաղթանակ” զբոսայգում և նրա հետագա շահագործման վերաբերյալ առաջարկություն ներկայացնել: Այդ ուսումնասիրությունների ընթացքում կանդրադառնան նաև ավագանու անդամի դիտարկումներին: