26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեկնարկել է Վեդու ջրամբարի շինարարությունը

Մեկնարկել է Վեդու ջրամբարի շինարարությունը: Ջրամբարի շինաշխատանքների մեկնարկն ազդարարող միջոցառման ընթացքում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ կառուցվող առաջին ջրամբարն է:

Նախարարությունից  հայտնում են, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն արդեն այսօր ու կտեւեն 48 ամիս: Ջրամբարի ընդհանուր տարողությունը 29 մլն խմ է, դրա իշխման տակ կլինի 3200 հա ոռոգելի հողատարածք:

 Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում «Վեդի» եւ «Արարատ» ՋՕԸ-ների պոմպակայանների իշխման տակ գտնվող շուրջ 2900 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս համակարգով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խնայել շուրջ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ ոռոգելի հողատարածքները կավելանան ավելի քան 300 հա-ով:

Ոռոգման ցանցի վերակառուցման եւ ցանցի արդիականացման արդյունքում կկրճատվեն ոռոգման ջրի կորուստները, ինչպես նաեւ՝  շահագործման ու պահպանման ծախսերը:  Համակարգի կորուստները ներկայումս գնահատվում են 40-50 % սահմանում: Ծրագրի իրականացման արդյունքում ցանցի կորուստները կկրճատվեն մինչեւ  15-20 %:

Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի շուրջ 18մլն/մ³-ով, իսկ Արտաշատի մայր ջրանցքից իրականացվող ջրառը՝ ավելի քան 11 մլն. մ³ , որը միանշանակ կբարձրացնի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս եղանակով ոռոգվող «Վեդի» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող եւս 2800 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը: Այդպիսով, ծրագրի ազդեցությունը  կտարածվի շուրջ 6000 հա հողատարածքների վրա:

Նշենք, որ Վեդու ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` 90 մլն Եվրո ընդհանուր արժողությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ