Հունիսի 28-ին քաղաքացիները կարող են հետազոտվել և իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը
Հունիսի 28-ին, ժամը 15:00-ից 21:00-ն Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի հատման վայրում /Հյուսիսային պողոտա, 11/, ”Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ” հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է իրականացնել ”Հետազոտվի՛ր և ապրի՛ր” հանրային միջոցառումը:
Ընդամենը 20 րոպեի ընթացքում մեր քաղաքի անցորդները կարող են հետազոտվել (արյան նմուշը կվերցվի մատից) և իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: Նախա- և ետթեստային խորհրդատվությունն իրականացվելու է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից վրաններում, իսկ հետազոտությունը՝ շտապ բժշկական օգնության մեքենայում, ինչի շնորհիվ կապահովվի հետազոտության գաղտնիությունը:
Միջոցառումն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, ”Վորլդ Վիժն Հայաստան”-ի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի օժանդակությամբ, ”Առաքելություն Արևելք” մարդասիրական օգնության կազմակերպության և այլ գործընկերների աջակցությամբ:
Միջոցառումը նպատակ ունի խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարևորությունը մեր հասարակությունում և փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, մասնավորապես ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելն ամոթ չէ, այլ նախեւառաջ, սեփական առողջության մասին հոգալու նշան է: Հետազոտությունն անանուն է, անվճար և գաղտնի: