Նախկին դատական կարգադրիչը 8000 դոլար է հափշտակել՝ ամբաստանյալի ազգականներից՝ դատավորին կաշառելու պատրվակով. ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է քրեական գործով դատավորին կաշառք տալու պատրվակով` խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016 թվականի գարնանը ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության նախկին աշխատակից Գ.Ա.-ն ՀՀ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության ուղեկցող գումարտակի աշխատակից Գ.Մ.-ից առաջարկ է ստացել միջամտել գործի քննությանը եւ դատավորի միջոցով ամբաստանյալ Ա.Ծ.-ի համար ապահովել բարենպաստ դատական ակտի կայացում: Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Գ.Ա.-ն հավաստիացրել է, թե իբր 8.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ցանկալի արդյունք ապահովելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել դատավորի հետ: Այնուհետեւ, Գ.Մ.-ի եւ վերջինիս ծառայակից Կ.Հ.-ի միջոցով ամբաստանյալի ազգականներից Գ.Ա.-ն ստացել է 8.000 ԱՄՆ դոլար գումար եւ խաբեությամբ հափշտակել այն։
Նախաքննությունը շարունակվում է: