“Տարվա բժիշկները”
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/img_1846_1372065737.jpg)
Հունիսի 21-ին ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպեց “Տարվա բժիշկ” հանրապետական բաց մրցույթի մրցանակաբաշխությունը:
Բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով, իսկ անվանակարգերում առաջադրված և հաղթած բուժաշխատողները պարգևատրվեցին մրցանակներով:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության “Տարվա բժիշկ” հանրապետական մրցույթի 14 անվանակարգերում հաղթող ճանաչվեցին.
1. “Տարվա բժշկական հաստատության ղեկավար”` ՀՀ Շիրակի մարզի “Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցի” բուժական մասի տնօրեն, վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սարգիս Վարդանյանը
2. “Տարվա գյուղական ամբուլատորիայի կամ “Առողջության առաջնային պահպանության կենտրոնի բժիշկ”` ՀՀ Սյունիքի մարզի “Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա” ՓԲԸ-ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Անիկ Գրիգորյանը
3. “Տարվա տեղամասային բժիշկ”` “Շահումյանի բժշկական ամբուլատորիա” ՓԲԸ-ի ընտանեկան բժիշկ Աննա Բեգիջանյանը
4. “Տարվա մանկաբույժ”` “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը
5. “Տարվա թերապևտ”` Թալինի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Անահիտ Խաչատրյանը
6. “Տարվա շտապ բժշկական օգնության բժիշկ”` Երևանի քաղաքապետարանի “Շտապբուժօգնություն” ՓԲԸ-ի թիվ 5 ենթակայանի վարիչ, բժիշկ-սրտաբան Անուշավան Վիրաբյանը
7. “Տարվա երիտասարդ բժիշկ”` “Հերացի” թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբույժ Տիգրան Խաչատրյանը
8. “Տարվա ռազմական բժիշկ”` Կենտրոնական զինվորական հոսպիտալի առաջատար վիրաբույժ, բուժծառայության փոխգնդապետ Արսեն Գրիգորյանը
9. “Մարդու կյանք փրկած բացառիկ վիրահատություն կատարելու համար”` Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի վիրաբուժական թիմը` Ռազմիկ Աբրահամյան, Վրույր Գրիգորյան, Էմիլ Խլղաթյան, Հակոբ Մարգարյան
10. “Վերադարձ կյանքին”` “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության գծով տնօրենի տեղակալ, բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գագիկ Մանուկյանը
11. “Մանսագիտությանը հավատարմության համար”` “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը
12. “Հատուկ անվանակարգ”` Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրենի խորհրդական Լենո Աբգարյանը
13. “Տարվա բարեգործական հիմնադրամ”` “Նվիրիր կյանք” արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով երեխաներին օգնության բարեգործական հիմնադրամը
14. “Տարվա վիրաբույժ” անվանակարգում, ներկայացված թեկնածուների մրցութային փաթեթները մրցույթի կենտրոնական հանձնաժողովի կողմից ուսումնասիրելու արդյուքնում, որոշում կայացվեց 2013 թվականին մրցանակ չշնորհել:
Մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած, սակայն չհաղթած թեկնածուները պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրերով:
Մրցույթը նպատակ ունի խրախուսելու Հայաստանի Հանրապետության լավագույն բժիշկներին, ինչը կնպաստի մասնագիտության հեղինակության բարձրացմանը, հասարակության մեջ բժիշկների դերի և կատարած աշխատանքի առավել ճանաչմանը և արժևորմանը:
Նշենք, որ 2009 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 21-ը նշվում է որպես բուժաշխատողի օր: