2 տարի է անցել Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանդից
Այսօր` հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության 2 տարին է լրանում: 2 տարի առաջ այս օրը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն և գնդակահարել ընտանիքի 6 անդամներին, այնուհետեւ դանակահարել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացավ:
Պերմյակովը, որ փորձել էր հատել ռուս-թուրքական սահմանը, հայտնաբերվել է հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից:
Պերմյակովի խոսքով՝ ինքը ցանկացել է տուն հասնել: Ինքնակամ լքել է զորամասը՝ իր հետ տանելով ինքնաձիգ: Թափառելով գիշերային Գյումրիով՝ ցանկացել է խմել, կոտրել է պատուհանի ապակին և մտել Ավետիսյանների տուն: Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը սկսել է բղավել: Պերմյակովի խոսքով՝ ինքը վախեցել ու սկսել է կրակել:
Գնդակահարելով ընտանիքին՝ փոխել է հագուստը և փախուստի դիմել: Իր հետ տարել է մի քիչ գումար և սպանվածների բջջային հեռախոսները, իսկ անուն-ազգանվամբ համազգեստն ու հրազենը նա Ավետիսյանների տանն է թողել:
2015 թվականի օգոստոսի 12-ին Վալերի Պերմյակովը Գյումրիում կայազորային դատարանի կողմից դասալքության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում: Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանություն, ավազակային հարձակում, ապօրինի սահմանահատման փորձ։ Պերմյակովը դատապարտվել ցմահ ազատազրկման:
Հայաստանի Վերաքննիչ դատարանը քննել է զոհված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների հայցերը ու առաջին ատյանի դատարանի վճիռն անփոփոխ թողել։ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները մտադիր են որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում։