Նախկին ոստիկանապետի եղբայրը լրագրո՞ղ է ծեծել

Maxinfo.am կայքի հիմնադիր Բաբկեն Հարությունյանը տարածել է հայտարարությունը, որը մեջբերում ենք ամբողջությամբ.
“Ելնելով ժողովրդավարության եւ ազատ մամուլի կայացման անհրաժեշտությունից Maxinfo.am լրատվավերլուծական կայքը նախաձեռնում է ֆոտոռեպորտաժների շարք` ցույց տալու` սոցիալական սուր բեւեռվածությունը եւ տարաբնույթ հիմնախնդիրները:
Վերոնշյալ նպատակներից ելնելով` ֆոտոռեպորտաժ իրականացրեցի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, որտեղ գտնվում է Սարգսյանների շքեղ առանձնատունը: Ստորեւ ներկայացնում եմ եղելությունը.
Հունիսի 17-ին ֆոտոխցիկի միջոցով նկարելով վերոնշյալ հասցեում գտնվող առանձնատան ճակատային հատվածը, ընդ որում նկարահանումն իրականացրեցի` մուտք չգործելով Սարգսյանների սեփականություն հանդիսացող տարածք:
Նկարահանումից հետո շարունակեցի ճանապարհս: Մի քանի կիլոմետր երթեւեկելուց հետո հանկարծահաս “Մերսեդես” մակնիշի մեքենան կտրելով իմ մեքենայի դիմացը` ստիպեց արգելակել: Վթարից խուսափելու համար` արգելակեցի իմ մեքենան:
Իջնելով մեքենայից` ինձ մոտեցավ այդ նույն “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ՀՀ նախագահի խորհրդական` Ալիկ Սարգսյանի եղբայր Անդրանիկ Սարգսյանն էր, ում հետ երբեւէ առնչություն չեմ ունեցել:
Անդրանիկ Սարգսյանը տեղեկանալով թե ով եմ, եւ թե ինչու եմ ֆոտոխցիկով նկարել իրենց առանձնատունը` առանց ինձ հարցնելու իմ մեքենայի միջից հանեց մեքենայիս բանալին` թույլ չտալով օգտվել իմ իսկ սեփականությունից: Մեր միջեւ տեղի ունեցավ զրույց, որին հաջորդեցին հարվածները իմ ուղղությամբ: Ես ստիպված եղա հեռանալ, թողնելով մեքենաս այն վայրում, որտեղ կայանել էի: Մոտ մեկ ժամ անց ինձ զանգահարեցին Ոստիկանությունից եւ տեղեկացրեցին, որ մեքենան գտնվում է իրենց մոտ: Ինչպես հետո պարզվեց Ոստիկանություն էր դիմել հենց Անդրանիկ Սարգսյանը:
Վերցնելով մեքենաս ոստիկաններից` բողոքս հայտնեցի Սարգսյանի կողմից իմ նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների մասով:
Հիմնվելով ազատ խոսքի եւ ժողովրդավարության սկզբունքների վրա` անընդունելի եմ համարում “Չորրորդ իշխանության” ներկայացուցիչների դեմ կատարվող ոտնձգությունները եւ բռնությունները: Դատապարտելի եմ համարում բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ նրանց ազգականների ֆեոդալավայել կեցվածքը, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է ՀՀ նախագահի խորհրդականի ինստիտուտին:
Պահանջում եմ գործի ընթացքի անաչառության ապահովում իրավապահ մարմինների կողմից:
Վստահեցնում եմ, որ բոլոր օրինական ձեւերով պայքարելու եմ իմ սահմանադրական իրավունքի պաշտպանության համար:
Maxinfo.am կայքի հիմնադիր` Բաբկեն Հարությունյան”: