Նման բան ընդդիմությունից պահանջել, մի քիչ շատ կլինի. Զուրաբյանը` Տիգրան Սարգսյանին

”Ինքը չհասկանալով, թե ինչ է ասում, շատ լուրջ բացահայտումներ է անում: Նման բան ասելով` նա ընդունում է, որ ինքը ձախողված իշխանություն է: Եթե պրոբմելը կապված է ընդդիմության հետ, դա նշանակում է, որ իշխանություն ընդհանրապես չկա, մնում է ընդդիմությունն ինչ-որ այլընտրանք ներկայացնի:
Ինքը նման մեղսակցում անում է ընդդիմությանը, ընդունում է իրենց, որպես իշխանություն, ձախողված լինելը. սա թույլ է տալիս կասկածել նրա ինտելեկտուալ կարողությունների վրա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե ընդդիմությունն էլ է մեղավոր երկրից արտագաղթի համար, քանի որ իշխանությանը այլընտրանք չկա:
Զուրաբյանը կարծում է, որ երկրում պատասխանատվությունը կրում են միայն իշխանությունները, այդ թվում ընդդիմության զարգացման համար: ՛՛Եվ հարց է ծագում, թե ինչ է արել իշխանությունը Հայաստանում ընդդիմության ինտիտուտի կայացման համար: Հայ ազգային կոնգրեսի կայացման համար ի՞նչ են արել, ոստիկանության բռնությամբ ցրել են խաղաղ ուժերը, կրակել են մարդկանց վրա, թաքցրել են այդ հանցագործությունները: ՀԱԿ-ի ընտրազանգվածին հալածել են ու հետապնդել, և մեր ընտրազանգվածի զգալի մասը Հայաստանից դուրս է եկել,-շեշտեց Զուրաբյանը:
-Եթե մենք թույլ լինեինք, մեզ չէին գնդակահարի մարտի մեկին ու չէին հալածի տարիներ շարունակ: Դա ապացուցում է, որ մենք այնքան ուժեղ ընդդիմություն ենք եղել, որ մեզ հալածել է ամբողջ պետական ապարատը՛՛: Դիտարկմանը, այդուհանդերձ, այսօր ընդդիմությունը թույլ է, Զուրաբյանն արձգանքեց, թե պետք է հասկանալ`ինչու են իրենց թուլացել:
՛՛Ես ընդունում եմ, որ իրենք որոշակի հաջողության հասել են, և դրան հասել են ժողովրդի մի զանգվածին երկրից վտարելով: Դե իսկապես մենք կթուլանանք, եթե մեր ընտրազանգվածի մի մասը թողնի գնա երկրից: Համաձայն եմ, որ թուլացել ենք, բայց այդ բռնությունների ու հալածանքների հետևանքով՛՛:
Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը չկարողացավ միավորվել ընտրությունների ժամանակ, պատգամավորն ասաց.
՛՛Դուք չեք կարող ձուլել ընդդիմությանը, դարձնել մեկ քաղաքական ուժ: Նրանք գաղափարական տարբեր հենքի վրա են կառուցված, նման բան ընդդիմությունից պահանջել, մի քիչ շատ կլինի՛՛: