23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չնայած ներքին խառնաշփոթին՝ Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտման քարոզչությունը

Միգուցե ոմանք ակնկալում էին, որ վերջերս Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերն ու անկարգությունները կգրավեն նրա ղեկավարների ուշադրությունը ներքին խնդիրների վրա՝ շեղելով նրանց կարեւոր զարգացումներից, ինչպիսիք են, օրինակ, Հայոց ցեղասպանության հարցերը: Ցավոք, այդպես չեղավ:

 

Չնայած հարյուր հազարավոր ցուցարարներ զայրացած բողոքում էին Թուրքիայի ամբողջ տարածքում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Էրդողանի բռնատիրական իշխանության դեմ, արտաքին գործերի նախարարության պաշտոնատարները շարունակում էին զբաղվել իրենց սովորական ժխտողական պարտականություններով՝ հակազդելով Հայոց ցեղասպանության իրողությունը վերահաստատելու ուղղությամբ այլ պետությունների բոլոր ջանքերին:

 

Վերջին շաբաթների ընթացքում թուրքական արձագանքի երեք նման դեպքեր են գրանցվել.

 

1. Թուրքական կառավարությունը շատ խիստ արձագանքեց, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը վերահաստատեց Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ այն անվանելով «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»: Հռոմի պապն այդպես էր արտահայտվել հունիսի 3-ին հայ կաթոլիկների պատվիրակության՝ Վատիկան կատարած այցի ժամանակ: Չնայած Ֆրանցիսկոս պապը նման տեսակետներ արտահայտել էր նաեւ նախկինում՝ Արգենտինայում կարդինալ եղած ժամանակ, սակայն վերջերս Պապ ընտրվելուց հետո սա առաջին անգամ է, որ նա անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շտապեց պաշտոնական բողոք ներկայացնել Վատիկանին՝ իր “հիասթափությունը” արտահայտելով Պապի հայտարարության առթիվ: Անկարայում Վատիկանի դեսպանին անմիջապես կանչեցին արտաքին գործերի նախարարություն եւ ասացին, որ Պապի տեսակետները “բացարձակ անընդունելի” են եւ կարող են վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին: Մի թուրք անանուն պաշտոնյա նույնիսկ հնարավոր է համարել, որ Հռոմի պապի առաջիկա այցը Թուրքիա կարող է վտանգվել՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա արտահայտած տեսակետներից հետո:

 

Նահանջելու փոխարեն, Վատիկանն էլ ավելի բարդացրեց իրավիճակը Թուրքիայի համար՝ հայտարարելով, որ Ֆրանցիսկոս պապը նախատեսում է 2015 թվականի Ապրիլի 24-ին այցելել Հայաստան՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի կարգ մատուցելու համար:

 

Հաշվի առնելով թուրք պաշտոնատարների ժխտողական մտածողությունը, հասկանալի է, որ նրանք պետք է դժգոհ լինեին Պապի անկեղծ եւ բարոյապես ոգեւորիչ հայտարարությունից: Ի վերջո, Հռոմի պապը ոչ միայն Կաթոլիկ եկեղեցու հոգեւոր առաջնորդն է, այլ նաեւ պետության ղեկավար: Այդուհանդերձ, կարիք չկար, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այդպես բորբոքվեր, քանի որ Վատիկանը երկու անգամ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը՝ 2000 եւ 2001 թվականներին: 

 

Թուրքական պաշտոնատարները կարծես թե չեն գիտակցում, որ չափից դուրս սուր արձագանքելով Հայոց ցեղասպանության ճանաչումներին, նրանք ակամա նպաստում են հենց այն հարցին, որը նրանք ձգտում են քողարկել: Իրոք, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանցիսկոս պապի հայտարարության առնչությամբ թուրքական դատապարտումը միջազգային լրատվամիջոցներով հաղորդվել է ամբողջ աշխարհում՝  աջակցելով Հայոց ցեղասպանության փաստերի էլ ավելի հրապարակմանը: Անկարայի իսկական մտադրությունն է՝ ամբողջ աշխարհում խստորեն քննադատելով ամեն մեկին, ով համարձակվում է բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, մյուսներին հետ պահել նման հայտարարություններ անելուց, հատկապես հաշվի առնելով գալիք Հարյուրամյակը 2015 թվականին:

 

2. Այս ամսվա սկզբին Հունաստանի խորհրդարանը նույնպես զայրացրել է թուրքական իշխանություններին, երբ իշխող “Նոր ժողովրդավարություն” կուսակցությունը՝ Ֆրանսիայի օրենսդիր մարմնից մի էջ ընդօրինակելով, օրինագիծ  է ներկայացրել, որը պատիժ է սահմանում այլատյացության եւ Հունաստանի կողմից ճանաչված ցեղասպանությունների՝ Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի ժխտման կամ խեղաթյուրման համար: Առաջարկվող օրենքի խախտողները կպատժվեն մինչեւ երեք տարվա ազատազրկմամբ եւ 5-20 հազար եվրո տուգանքով: Հունաստանի խորհրդարանը 1996 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Չնայած թուրքական կողմից դեռեւս որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել վերջերս ներկայացված այս բանաձեւի դեմ, սակայն արդեն պարզ է, որ ճնշում կգործադրվի Աթենքում Թուրքիայի դեսպանի եւ դիվանագիտական այլ խողովակների կողմից: 

 

3. Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ Արսեն Ավակովը՝ ընդդիմադիր “Բատկիվշչինա” (Հայրենիք) կուսակցությունից եւ Վիլեն Շատվորյանն ու Նվեր Մխիթարյանը՝ իշխող  “Ռեգիոնների” կուսակցությունից, հունիսի 6-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ են ներկայացրել: “Ազերնյուզը” հաղորդել է, որ Ուկրաինայում բնակվող ադրբեջանցիները Խորհրդարանի առջեւ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ այդ օրինագծի: Նաեւ, ադրբեջանական մի շարք կազմակերպությունների ստորագրությամբ նամակ է հղվել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ պնդելով, որ այդ որոշումը “լուրջ մտահոգություն է պատճառում Ուկրաինայի թուրքալեզու ժողովուրդներին, հատկապես ադրբեջանցիներին… եւ լուրջ հարված է Ադրբեջանի ու Թուրքիայի համար”: Ըստ ուկրաինական լավատեղյակ աղբյուրների՝ ադրբեջանցի ցուցարարների հետեւում կանգնած է Թուրքիայի կառավարությունը. խիստ է արձագանքել նաեւ Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ եւ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլեւը: 

 

Չնայած շարունակվող ներքին անկայունությանը՝ թուրքական պաշտոնատարները շարունակում են ամբողջ աշխարհում տարածել իրենց ժխտողական քաղաքականությունը՝ միջամտելով այլ երկրների ներքին գործերին: Կարելի է հուսալ, որ միջազգային հանրությունը կմերժի Էրդողանի վարչակարգի սնափառ եւ ամբարտավան կեցվածքը, ինչպես որ այն մերժվում է տանը՝ թուրք ազգաբնակչության զգալի հատվածի կողմից:   

 

 

 

Հարութ Սասունյան` 

 

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ