Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Նուբարաշեն վարչական շրջանի նոր ղեկավարին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/001_1371544399.jpg)
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Կիրակոսյանին եւ շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Հովհաննիսյանին՝ համատեղ աշխատանքի համար:
Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը եւ ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ եւ սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը նշել է նաեւ, որ վարչական շրջանի նոր ղեկավարը ծանոթ է նուբարաշենցիների խնդիրներին, աչքի է ընկել ակտիվ հասարակական գործունեությամբ, եւ պահպանելով տարիների ընթացքում ձեւավորված թիմային աշխատանքի ավանդույթները, նոր մոտեցումներով եւ կազմակերպչական ունակություններով կնպաստի Նուբարաշեն վարչական շրջանի եւ, առհասարակ, քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:
“Քաղաքապետարանը միշտ աջակից է լինելու եւ առկա խնդիրների լուծման գործում պետք է համատեղենք մեր ուժերը. շարունակենք բոլոր նախանշված ծրագրերը համայնքային տնտեսության ոլորտներում եւ մեր աշխատանքով պետք է կարողանանք բարեկարգ ու հարմարավետ միջավայր ստեղծել մեր բնակիչների համար”,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովմանն ու բնակչությանը հուզող հարցերին` քաղաքապետը մեկ անգամ եւս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են եւ նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն