07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կմեկնարկի “Ավելի մաքուր Երեւան” ծրագիրը

Նախքան աշխատանքային հերթական խորհրդակցությունը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացնելով քաղաքապետի նորանշանակ տեղակալներին, մեկ անգամ եւս շնորհավորել է եւ ընդգծել, որ ակնկալում է ամենօրյա սրտացավ աշխատանք` բնակիչների վստահությունը արդարացնելու եւ ավելի լավ Երեւան ունենալու համար:

Խորհրդակցության ընթացքում առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ մասով նախորդ շաբաթ կազմվել է 18 վարչական արձանագրություն: Մշտական աշխատանք է տարվում ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումները բացառելու նպատակով: Ուսումնասիրվել են նաեւ վարչական շրջաններում նոր փոքր շուկաների կազմակերպման վայրերի հետ կապված առաջարկությունները:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացիկ ասֆալտապատման աշխատանքներ իրականացված փողոցներում, ինչպես նաեւ երկրորդական,  կրթական, մշակութային եւ առողջապահական հիմնարկներին հարակից փողոցներում, առաջնահերթորեն իրականացվում են գծանշման աշխատանքներ, փոխվել է նաեւ 49 ճանապարհային նշան:

Վարչական շրջաններում գտնվող անբարեկարգ փոքր ֆուտբոլի դաշտերի բարեկարգման հետ կապված` շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ  աշխատանքների հիմնական մասն ավարտված է:

Հանձնարարվել է ակտիվացնել փոսալցման եւ ճաքալցման աշխատանքները այն փողոցներում եւ բակային տարածքներում, որտեղ 2013 թվականի ծրագրով նախատեսված չեն հիմնանորոգման աշխատանքներ:

Անդրադառնալով անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման եւ այլ աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է 107 վարչական արձանագրություն:   Քաղաքապետը հանձնարարել է շարունակել մշտական հսկողությունը` պայմանագրային պարտավորությունների կատարման եւ մայրաքաղաքի արտաքին ընդհանուր տեսքի պատշաճ ապահովման ուղղությամբ:

Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջաններում մայիսի 29-ից մինչ օրս ապամոնտաժվել է “Գովազդի մասին” ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաեւ Երեւանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող 312 գովազդային վահանակ: Զեկուցվել է նաեւ Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը քննարկել  եւ հաստատել է Երեւան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների եւ համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը:

Երեւանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ մայրաքաղաքի հրապարակների վերակառուցման համար հայտարարված բաց մրցույթի վերաբերյալ արդեն իսկ ստացվել են առաջարկություններ:

Կանաչապատման աշխատանքների հետ կապված` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են սիզամարգերի ստեղծման եւ ծաղկապատման աշխատանքները:  Հանգստյան օրերին Տարոն Մարգարյանը անձամբ է շրջել վարչական շրջաններով եւ հետեւել կանաչապատման աշխատանքներին: Քաղաքապետն ընդգծել է, որ արվածը դեռ բավարար չէ եւ պետք է անել ավելին` ցանկալի արդյունքի հասնելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի հանգստի գոտիների եւ անտառպուրակային տարածքների մաքրման եւ պահպանման նպատակով կմեկնարկի “Ավելի մաքուր Երեւան” կարգախոսով ծրագիրը:  Ողջունելով այդ ուղղությամբ իրականացվող հասարակական նախաձեռնությունները` քաղաքապետն առաջարկել է աշխատանքներում ներգրավել հասարակական եւ երիտասարդական կազմակերպություններին, նաեւ՝ բոլոր ցանկացողներին:

“Մայրաքաղաքում կան մի շարք զբոսայգիներ ու վայրեր, որտեղ երեւանցիները սիրում են իրենց հանգիստ անցկացնել հատկապես ամռանը, ինչն էլ, սակայն, պատճառ է դառնում աղբի կուտակման: Միայն Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը բավարար չէ: Մենք պետք է ներգրավենք ու խրախուսենք նաեւ  հասարակական կազմակերպություններին` կոչ անելով իրենց մասնակցությունը բերելու այդ նախաձեռնություններին, որպեսզի ունենանք ավելի մաքուր Երեւան: Առաջարկում եմ սկսել հենց Հրազդանի կիրճից: Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ ամեն ինչ եւ համատեղ ուժերով կյանքի կոչել  ծրագիրը”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

“Ավելի մաքուր Երեւան”  ծրագրի կազմակերպման համար Երեւանի քաղաքապետարանը կապահովի անհրաժեշտ բոլոր պարագաները:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ