07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բաց նամակ

Ներկայացնում ենք “Կիլիկիա” առևտրի կենտրոնի աշխատակիցների նամակն ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու պատգամավորներին:

”ՀՀ Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, հարգելի ժողովրդի ընտրյալ պատգամավորներ,

 Մեր առջև ծառացած խնդրի առնչությամբ արդեն իսկ նամակներ ենք հղել հանրապետության նախագահին, կառավարությանը, բարձրաձայնել ենք խնդիրը մամուլի էջերում և հեռուստատեսությամբ:Որպես ժողովրդի հավաքական ձայնն ու վստահությունը ներկայացնող կառույցի Ձեզ դիմում ենք աջակցության մեծ ակնկալիքով: Մեր խնդիրը չունի որևէ քաղաքական ենթատեքս, այլ բացառապես բխում է ինչպես մեր` թվով 118 ձեռնարկատերերիս, այնպես էլ պետության շահերից, հուսով ենք, որ հրատապ և օբյեկտիվ միջամտություն կցուցաբերեք Ձեր իրավասության սահմաններում:

 Նախկինում առևտուր ենք իրականցրել Հրազդան տոնավաճառի տարածքում: Այնուհետև,  ընդհանուր որոշում ենք կայացրել առևտուրը տեղափոխել Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում տեղակայված` քաղաքակիրթ և ներկայանալի առևտրի կենտրոն ստեղծելու և մարդավայել պայմաններում աշխատելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով օժտված տարածք: Տարածքի սեփականատեր “ԼԱՆ” ՍՊ ընկերությունը ինչ-ինչ պատճառներով հայտնվել է սնանկության գործընթացում և մեր նախաձեռնության կազմակերպիչ “Մադէլինա-Լենա” ՍՊ ընկերությունը բնականաբար  անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ինչպես նաև սնանկության գործերով կառավարչի անմիջական մասնակցությամբ և ուղղորդմամբ: Ընկերությունը դատարանին ներկայացրել է առողջացման ծրագիր, ստացել է համապատասխան լիցենզիա,կնքվել են համապատասխան պայմանագրեր:Մեզնից յուրաքանչյուրը գրանցվել է հարկային տեսչության համապատասխան մարմնում, ստացել ենք հսկիչ դրամարկղային մեքենաներ, որոնք GPRS-ով  միացվել են ընդհանուր համակարգին:

 Այն որ ներկայացված առողջացման ծրագիրը կենսունակ է ապացուցվեց նորաստեղծ “Կիլիկիա” առևտրի կենտրոնի մեծ հանդիսավորությամբ կատարված, ԶԼՄ-ներով լուսաբանված բացման իսկ պահից: Այս հաջողությունը պայմանավորված էր նաև նրանով, որ մեր խմբում չկան ոլորտի նորեկներ, յուրաքանչյուրս ունի այս ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման բազմամյա փորձ և տարիների ընթացքում ձևավորված հաճախորդների հոծ բազմություն:

 Ըստ էության մենք` 118 ձեռնարկատերերով հավելյալ ֆինանսական բեռ վերցրինք մեր ուսերին վարկերի տեսքով և մեր իսկ միջոցներով տարածքը վերածեցինք շքեղ առևտրի կենտրոնի:  Ամենահոռետես հայացքով գնահատելիս անգամ մեր հաջողության հաստատուն գրավական ունեցող նախաձեռնությունը լուծեց միանգամից մի քանի կարևոր խնդիր բացի սկզբնական մեր նպատակներից: Մասնավորապես, մեր ուժերով հիմնված աշխատատեղերը մեր բոլորի ընտանիքների, ինչպես նաև մեր կողմից աշխատանքի ընդունված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելով շատերին ետ պահեցին արտագաղթի անհրաժեշտությունից, հիմնվեց պետությանը կանոնավոր և զգալի հարկ վճարելու ունակ բիզնես, դատարանին հնարավորություն ընձեռնվեց խելամիտ և արդյունավետ լուծում տալ ձգձգվող սնանկության վարույթին, “ԼԱՆ” ՍՊ ընկերությանը հնարավորություն տրվեց դուրս գալ սնանկության ճիրաններից:

  Չնայած այս ամենին, սույն թվականի հունիսի մեկին առևտրի կենտրոնում ընթացող ակտիվ առևտրին զուգահեռ ղեկավարության կողմից կազմակերպված մանուկների օրվա առթիվ միջոցառման պահին ժամանեց հարկային տեսչության աշխատակիցների և ուղեկցող անհայտ պաշտոնական պատկանելության անձանց մի խումբ և շատ կոպիտ ձևով պահանջեցին մեզ լքել տաղավարները, քանի որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանից իրենք գրություն են ստացել այն մասին, որ առողջացման ծրագիրը մերժվել է, և մեր աշխատանքն այլևս օրինական հիմքեր չունի:

 

Մեզ ստիպեցին  լքել տաղավարները, այնտեղ թողնելով փաստաթղթերն ու վաճառքի ենթակա ապրանքը, զայրացած ու զարմացած: Առանց որևէ արձանագրություն կազմելու փակեցին և կնքեցին տաղավարները:

  Եվ ահա արդեն 15 օր է պարապուրդի ենք մատնված պարոն Վարդազարյանի վերջին պահին ի հայտ եկած քմահաճույքի հետևանքով: Զարմանալին այն էր, որ նախապատրաստական աշխատանքների երկար պրոցեսի ընթացքում մշտապես ամեն ինչից տեղյակ և ուղեցույց հանդիսացած դատարանը հանկարծ այնպես է իրեն պահում, կարծես ոչնչից տեղյակ չէր:Եվ հարկային մարմինը, որը փաստորեն պատանդի կարգավիճակում հայտնվեց Վարդազարյանի գրության արդյունքում, որովհետև չարձագանքել երևի թե չեր կարող, հիմա հաշվում է պետության վնասները: 

 Այո, չարաբաստիկ գրության արդյունքում բոլոր կողմերին միայն օգուտ բերող նախաձեռնությունը Վարդազարյանի թեթև ձեռքով սկսեց իսկապես վնաս հասցնել պետությանը` շրջանառության հարկերց զրկելով և մեր` ձեռներեցներիս  ընտանիքներին հացից զրկելով: Մեր վնասները ուղղակի կործանարար են, քանի որ վարկային պարտավորություններ ունենք, գնորդներ ենք կորցնում, մատակարարներին ստիպված ենք լինելու փոխհատուցել, ու անորոշ ժամանակով պարապուրդի ենք մատնվել:

 Ներկայումս առողջացման ծրագրի ժամկետանց, անտրամաբանական որոշումը վիճարկվում է վերաքննիչ ատյանում: Պարոն Վարդազարյանի ջանքերով ստեղծված այս արհեստական դատական քաշքշուկի արդյունքում ամեն անցնող օրվա հետ մեր վնասները կրկնապատկվում են: 

 Հարգելի խորհրդարան, մենք հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ անգամ արտագաղթի համար անհրաժեշտ միջոցներ չունենք: Խնդրում ենք Ձեր գործուն միջամտությունը, որպեսզի վերաքննիչ ատյանում հնարավորինս արագ և արդարացիորեն շտկեն Կենտրոնի դատարանի նախագահի ստեղծած քաոսը: Բոլորիս համար էլ հասկանալի է, որ Վարդազարյանը տարածքի հետ կապված անձնական շահագրգռվածություն ունի: Մեր թախանձագին խնդրանքն այն է, որ գոնե միջանկյալ կարգով կայացված որոշման միջոցով մեզ թույլ տրվի աշխատել, որպեսզի մեր արդեն իսկ կրած հսկայական վնասները չկործանեն մեր ընտանիքները:

  Կարծում ենք մեր կողմից պետությանը հարկեր տալն ու աշխատելը շատ չի խանգարի ամենակարող պարոն Վարդազարյանին տարածքի սեփականատերերին այսուհետ էլ դատական ճամարտակությունների միջոցով ստիպել իրեն զիճելու տարածքը: 

 

Հարգանքներով և արդարացի լուծման ակնկալիքներով` “Կիլիկիա” առևտրի կենտրոնի աշխատակիցներ

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ