Կճոյանն ու օֆշարային սկանդալը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/kcoyan_1371138387.jpg)
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը հերքում է մամուլում տարածված եւ վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսի հետ իր ունեցած առնչության վերաբերյալ:
Այսպես կոչված “օֆշարային սկանդալի” հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի եւ ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին:
Իր անվան շուրջ պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունների փաստի առիթով իրավապահ մարմիններին չդիմելու զարմանքի առնչությամբ Սրբազանը հայտարարում է, որ այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգեւորականի մասին իր ունեցած պատկերացումներին:
Տարածվող տեղեկությունները, թե, իբր, Նավասարդ արք․ Կճոյանը ներկա է եղել անդամանդագործության զարգացմանն առնչվող պետական հանձնաժողովներից մեկի նիստին, չեն համապատասխանում իրականությանը:
Սրբազանը դատապարտում է Երեւանի Սբ․ Սարգիս եկեղեցու խաչքավորներից մեկի՝ Աշոտ Սուքիասյանի հետ իր շփման շահարկումը՝ իրականության հետ որեւէ աղերս չունեցող սեփական ենթադրություններն ու դատողությունները փաստարկելու նպատակով:
Սրբազանը բարձր է գնահատում ժողովրդավարական հասարակության արժեքները, սակայն խոսքի ազատության չարաշահումը համարում է վտանգավոր եւ վնասակար, առաջին հերթին, հենց այդ արժեքների ջատագովների համար: Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ:
Արարատյան Հայրապետական թեմ