Մերժվեց Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի
Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր մերժեց Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ հայցային վաղեմության հիմքով:
“Պահանջում ենք պատժել “Հարսնաքարում” տեղի ունեցածի բոլոր մեղավորներին” հասարակական շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը դիմել էր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով: Ըստ հայցվորի, Ռ.Հայրապետյանը օգոստոսի 11-ին “Nouvelles d’Armenie” ամսագրին տված հարցազրույցում “անվայելուչ վիրավորանքներ, զրպարտող, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ եւ սպառնալիքներ” էր հնչեցրել Դավիթ Սանասարյանի հասցեին, ինչով արատավորել էր իր պատիվն ու արժանապատվությունը:
Ըստ հայցվորի՝ հարցազրույցում Ռ. Հայրապետյանի “այ ճիճու”, “մինչեւ մահ վախենալու են ինձանից”, “իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու” եւ այլ արտահայտությունները արատավորել են իր բարի համբավն ու արժանապատվությունը:
Աղբյուրը` “Փաստինֆո”