«Պետք է ազատվենք քաղաքական իմպոտենտներից»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Սահմանադրական իրավունք» միության ղեկավարՀայկ Բաբուխանյանը դեմ է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններին, ըստ որոնց՝ կուսակցությունները երկու անգամ պիտի մասնակցեն ընտրություններին: «Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է»,-նկատեց պատգամավորը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց, թե համամիտ չէ պատգամավորի գնահատականների հետ: «Շատ ճիշտ մատնանշեցիք, նաև այլ ձևեր կան, բայց հանրահավաքները, թռուցիկներ և այլն, միայն ձևերն են, որը վերջում պիտի բերի ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Բայց որտե՞ղ, ժողովրդի կամքը որտե՞ղ է ձևավորվում ու արտահայտվում, ընտրություններում չէ՞, կա՞ այլ ձև: Ես տեղյակ չեմ, որ այլ ձև կա, որտեղ արտահայտվում է ժողովրդի քաղաքական կամքը: Գուցե մեկ տարի չի մասնակցում ընտրության, շատ նորմալ է, քանի որ թափ է հավաքում, հանրահավաքներ է անում, բայց վերջում պետք է ժողովրդի քաղաքական կամքի արտահայտմանը նպաստի, թե՞ ոչ: Մենք հո չենք ասում միայն գնա ու մասնակցի ընտրության, դաշինքով թող գնա, բայց , եթե ո՛չ դաշինքով, ո՛չ միայնակ ունակ չէ մասնակցել, ունակ չէ քաղաքական դաշտում որևէ ձև վերադասավորվելում այդ դեպքում կուսակցության քաղաքական դերակատարությունը ո՞րն է, որ 15 տարի շարունակ թռուցիկ բաժանի»,- պատասխանեց նախարարը:
Բաբուխանյանն էլ արձագանքեց, թե կուսակցությունն ընտրությունները բոյկոտելու իրավունք ունի: Նրա կարծիքով՝ չի կարելի ժողովրդին զրկել ընտրությունները բոյկոտելու իրավունքից: Նախարարն էլ նկատեց, որ երկու անգամ ԱԺ և Երևան, Գյումրի , Վանաձոր ընտրույթունները բոյկոտելը կուսակցության անզորությունից է: ԱԺ փոխխոսնակ, նիստը վարող Էդուարդ Շարմազանովն էլ հավելեց, որ որևէ մեկը բոյկոտելու իրավունքից կուսակցութուններին չի զրկում: «Բայց, եթե երկու ցիկլ շարունակ, այսինքն՝ 10 կամ 20 տարի գնում է բոյկոտի ճանապարհով, դա արդեն խոսում է քաղաքական իմպոտենցիայի մասին: Դրա համար մենք պետք է ազատվենք քաղաքական իմպոտենտներից և գնանք առողջացնելու ճանապարհով»,- ասաց Է. Շարմազանովը: