Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ փառատոնը
Հունիսի 6-ին` հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի օրը մեկնարկեցին ՙԱրամ Խաչատրյան՚ փառատոնը և Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը: Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է, մրցույթի պատվավոր հյուր, Ավստրիայի արքայադուստր Իրինա ցու Զայն-Վիտգենշտայն-Բերլեբուրգը, մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամներ, պատվավոր այլ հյուրեր։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման արարողությանը նշեց, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը բոլորի համար տոն է։ Նրա երաժշտությունը նվաճել է աշխարհի բոլոր բեմերը, աշխարհի տարբեր մարդկանց սրտերը։ ՙՄենք հպարտությամբ ենք ասում, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործության միջով ոսկե թելով անցնում են ազգային մեղեդիները։ Մենք նրա երաժշտության մեջ լսում ենք մեզ հարազատ հնչյունները։ Եվ շատ խորհրդանշական է այն հանգամանքը, որ այսօր շատ երկրներում հայերին, Հայաստանը ճանաչում են նաև Արամ Խաչատրյանի անունով՚,- նշեց մշակույթի նախարարը։
Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը նկատեց, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեծ հնարավորություն է երիտասարդների համար։ Նա իր ընտանեկան արխիվից թանկարժեք նվեր էր պատրաստել Արամ Խաչատրյանի թանգարանին՝ ուղիղ 60 տարի առաջ 1953 թվականի հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ձեռքով գրված նամակը։
Արվեստագետ, Արամ Խաչատրյանի որդի Կարեն Խաչատրյանը նշեց, որ իր համար Երևան այցելությունը միշտ շատ հուզիչ է, քանի որ Հայաստանում ամեն ինչ շնչում է Արամ Խաչատրյանով, նա այստեղ տեսնում է հոգևոր հզոր կապ հայ ժողովրդի և Արամ Խաչատրյանի միջև։ ՙԵս զգացմունքային լիցքեր եմ ստանում Հայաստանում։ Միաժամանակ ինձ մոտ հուշեր են արթնանում. բազմաթիվ անգամներ եմ Արամ Խաչատրյանի հետ եղել Հայաստանում, այս դահլիճում։ Ես ուզում եմ իմ երախտագիտությունն ու խոնարհումը հայտնել հայ ժողովրդին Արամ Խաչատրյանի նկատմամբ ունեցած մեծ սիրո ու հարգանքի համար՚,- նշեց Կարեն Խաչատրյանը։
Մրցույթի պատվավոր հյուր Ավստրիայի արքայադուստր Իրինա ցու Զայն-Վիտգենշտայն-Բերլեբուրգը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն Արամ Խաչատրյանի ստեղծագործության երկրպագուն է, նրա երաժշտությունը շատ գեղեցիկ է։ Արքայադուստրն առանձնացրեց հատկապես Արամ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը։
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
Արամ Խաչատրյանի անվան մրցույթի բացման հանդիսավոր արարողության ընթացքում կատարումներով հանդես եկան 2007 թվականից միջոցառման պաշտոնական նվագախումբ հանդիսացող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և մենակատար, աշխարհահռչակ թավջութակահար Գոտյե Կապյուսոնը Ֆրանսիայից:
Մրցույթի առաջին փուլը մեկնարկել է այսօր և կտևի մինչև հունիսի 9-ը, երկրորդ փուլը՝ հունիսի 10-11-ը, երրորդ փուլը՝ հունիսի 13-ին, իսկ հունիսի 14-ին տեղի կունենա գալա համերգն ու պարգևատրման արարողությունը։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի աջակիցներն են՝ «Անի պլազա» հյուրանոցը, «Ռոյալ թուլիփ գրանդ հոթել Երևանը», «Նացիոնալ» հյուրանոցը, Mozarteum ռեստորանը, Gusto ռեստորանը, The Club ակումբը: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ինֆորմացիոն աջակիցներն են՝ «Պանարմենիան մեդիա գրուպ», Հանրային հեռուստատեսություն, «Երկիր մեդիա», «Շողակաթ», «Դար 21», news.am, 1in.am, slaq.am, arminfo.am, panarmenian.net, «Նովոստի Արմենիա», bravo.am, mardik.am, emporium.am, hayyer.com, eritasard.am, «168 ժամ», «Իրատես de facto», «Վեմ» ռադիո, Լրատվական ռադիո 106.5, imyerevan.com, «ՏուրԻնֆո» ամսագիր։