Եթե անհրաժեշտ է իմ միջամտությունը, ասեք. Տիգրան Սարգսյանը հորդորեց տեղեկացնել ասիական բանկին
Այսօր կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածում Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին:
Վարչապետը դիմելով ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանին ասաց. ՛՛Ձեր նախարարությունը բացահայտել է լրջագույն խնդիրներ, որ կան, ունենք նաև ֆինանսական պարտականություններ, որ առաջանում են այդ խնդիրների առնչութմաբ՛՛:
Վարչապետը հանձնարարեց տրանսպորտի և կապի, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարություններին բանակցություններ սկսել ասիական Վերակառուցման և զարգացման բանկի հետ: Տիգրան Սարգսյանը հիշեցրեց փոխնախարարին, որ ըստ այդ նախարարության զեկույցի՝ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ձգձգվում էին մեթոդաբանական խնդիրների հետեւանքով. ասիական բանկը փոփոխություններ էր արել տեխնիկական հսկողի հայեցակարգի և ծրագրի օպերատորի հետ կապված:
Ըստ վարչապետի՝ պետք է ասիական բանկին զեկուցել, որ խնդիրը հենց իր ներկայացրած ծրագրի օպերատորի հետ է՝ իսպանական, ֆրանսիական, գերմանական կազմակերպությունների հետ, որոնք իրականացնում էին կառուցապատումը: Տիգրան Սարգսյանը հորդորեց բանկին այս մասին զեկուցել, որպեսզի ՀՀ-ը զերծ մնա լրացուցիչ տույժ-տուգանքներից:
՛՛Եթե անհրաժեշտ է իմ միջամտությունը, ասեք, ես էլ կմասնակցեմ այդ բանակցություններին ասիական բանկի հետ՛՛,-եզրափակեց վարչապետը: