՛՛Սամասուդ՛՛-ի շքերթ է

՛՛Շատ ցավալի է, որ բոլորի համար առաջին անգամը չէ, որ նման դեպքի ենք ականատես լինում: Հայաստանում մի իրավիճակ է ստեղծվել, որի համար իրենց բացթողումն ունեն նաև իրավապահները, ինչն ակնհայտ է: Գորիսի դեպքից անկախ ամեն օր մենք ականատես ենք լինում ռուսերեն ասած՝ ՛՛սամասուդի՛՛ կամ ինքնադատաստանի դեպքերի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ խոսելով Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին:
Պատգամավորն իր ցավակցությունը հայտնեց զոհվածի ընտանիքի անդամներին, և նշեց, որ ցավալի է, որ նման մեթոդներով են հարցերը լուծվում:
Հարցին, թե չի կարծում, որ սա երկրում ստեղծված անպատժելիության մթնոլորտի հետեւանքն է, Քոքոբելյանը պատասխանեց. ՛՛Իհարկե, դա անպատժելիության մթնոլորտի հետևանք է, անթույլատրելի խնդիր է, որովհետև Հայաստանում տիրում է մի մթնոլորտ, վիճակ, որը թույլ է տալիս ցանկացած հարց լուծել տղայական մակարդակով: Ես միշտ առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանում անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները և իրենց զավակները ապահովագրված չեն, և դա իրենք էլ պետք է գիտակցեն՛՛:
Ինչ պետք է անի այս դեպքում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն, ապա Քոքոբելյանն ասաց. ՛՛Անկախ ամեն ինչից ես կարծում եմ, որ դա ոստիկանապետի խնդիրն էլ չէ։ Եթե ուզում ենք, որ օրենքի գերակայություն մտցնենք, դա կառավարության և պատկան մարմինների խնդիրն է, իսկ զուտ իրավական հարցերում արդեն իրավապահ մարմինները պետք է սպառիչ պատասխան տան՛՛:
Պատգամավորի համար դեռ պարզ չէ, թե կպատժվի Սուրեն Խաչատրյանը: Իսկ պատժվելն այս դեպքում իհարկե, կարևոր է, սակայն ՛՛չպետք է սպասենք՝ դեպքը լինի և ասենք, տեսեք՝ պատժվեց: Իրավապահ մարմինների թիվ մեկ խնդիրն է, որ այդ դեպքերը հնարավորինս քիչ լինեն, բայց մենք բոլորս ականատես ենք լինում, որ շքերթ է, ցավոք սրտի՛՛։