Կամ հաստատվում է արդարադատություն, կամ ավելանալու են լիսկաները

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ օրեր առաջ Գորիսում տեղի ունեցած միջադեպին: Նա մասնավորապես նշեց, որ պարզ չէ, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ինչ հիմքերով է որոշել դադարեցնել պաշտոնավարումը:
“Այնքան ծիծաղելի է այդ ձևակերպումը` ժամանակավոր դադարեցում պաշտոնի: Ի՞նչ է նշանակում ժամանակավոր, ո՞վ է տվել իրեն այդ իրավունքը: Կառավարությունը հայտնում է, որ ոչ մի դիմում չի ստացել, այսինքն նա խաբում է, հերթական անգամ հերթական ցինիկությունն է”:
Քաղտեխնոլոգի խոսքով, կարևոր է տեղի ունեցածի հետևանքը, որը երկու ուղի ունի` կամ հաստատավում է արդարադատություն, կամ ավելանալու են լիսկաները:
“Եթե չլինի արդարդատություն Հայաստանում, լինելու է երկու բան`մի կողմից կձևավորվի սամասուդի ինստիտուտը, մյուս կողմից լիսկաները, որոնք հիմա էլ քիչ չեն Հայաստանում, արդեն այն աստիճանի հաբրգածություն կունենան, էն աստիճանի սանձերը կկտրեն, որ հետո էլ ոչ մեկ չի կարողանալու նրանց դեմն առնի: Թող մտածեն, դա իրենց խնդիրն է”.-ասաց նա:
Կ. Քոչարյանին հավատ է ներշնչում ոստիկանությունը, որը, ըստ նրա, լավ գործեց նաև Գյումրիում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ կապված դեպքերի ժամանակ:
“Պետական ստրուկտուրաներից միայն ոստիկանությունն է ինչ-որ բան արել: Նույն Վլադիմիր Գասպարյանի ասածը, որ զորբայությամբ ոչնչի չեն հասնի, ես ավելի կոպիտ կասեմ, այդ դեբիլներին պետք է հասկացնել, այլ կերպ հնարավոր չէ”:
Հանդիպմանը ներկա էր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ըստ որի` մեղավորն այս ամենում զինվորական սինդրոմն է:
“Սուրիկ Խաչատրյանը զինվորական սինդրոմով տառապող գործիչ է: Սարերի օրենքները դեռ մնում են բարձր պաշտոնյաների մոտ: Հայ տղամարդկանց մեծ մասը ունի ցավագին ինքնասիրություն, և եթե մեկը քեզ ապտակում է, դու էլ աստիճանավոր ես, դու ոնց կարող ես դա տանել, նման վիրավորանքը արյունով է լվանում”:
Սոցիոլոգի համոզմամբ, լրագրողներն են Սուրիկ Խաչատրյանին վերագրել քրեական հեղինակության պիտակը, իսկ լրագրողի հիշեցմանը, թե Սուրիկ Խաչատրյանի խոսքով “մի 20 հատ էլ ես կշարեի”, սոցիոլոգն ասաց. “Դա է ռազմական սինդրոմը”: Կարեն Քոչարյանը քմծիծաղեց` “Ասել էր, հո չէր կրակել”: