16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Երեւանը զարգացող քաղաք է, բայց չի նշանակում, թե բոլոր առաջարկությունները կարող են ընդունելի լինել. Տարոն Մարգարյան

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած քննարկումներին, նշել է, որ մրցույթի նպատակը այս հարցում մասնագիտական առաջարկություններ ստանալն ու քաղաքացիների առաջարկությունները լսելն է:

“Երեւանը զարգացող քաղաք է եւ միշտ պետք է ունենա զարգացման իր տեսլականն ու ծրագրային փաթեթները, ինչը, սակայն, չի նշանակում, թե բոլոր առաջարկությունները կարող են ընդունելի լինել եւ կամ կյանքի կոչվել անմիջապես: Այսօր մենք քաղաքաշինական մի շարք ծրագրեր ենք իրականացնում, որոնց նախագծերը մեզ են փոխանցվել մեր նախորդներից: Մասնավորապես, Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող ավտոմայրուղու ներկայում ընթացող շինարարության նախագիծը մշակվել է դեռեւս 1970-ական թվականներին, եւ մենք այն այսօր կյանքի ենք կոչում: Մենք էլ մեր հերթին պետք է մշակենք տարբեր ծրագրեր, որոնց մի մասը, հնարավորության դեպքում, կիրականացնենք հիմա, իսկ մյուս մասն էլ կփոխանցենք հաջորդ սերունդներին”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` հանձնարարելով մայրաքաղաքի մյուս հրապարակների վերակառուցման եւ զարգացման մասով եւս հայտարարել  բաց մրցույթներ:

Խորհրդակցության ընթացքում առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով ոստիկանության, ինչպես նաեւ համապատասխան այլ կառույցների հետ կազմակերպվել են համատեղ համալիր միջոցառումներ: Հանձնարարվել է աշխատանքները շարունակել եւ հարցը մշտական հսկողության տակ պահել:

Գյուղատնտեսական մթերքների առեւտրի ակտիվացման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել շուկաներում սանիտարական նորմերի պահպանումն ու թերացումներ արձանագրելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ: Հանձնարարվել է նաեւ առաջարկություններ ներկայացնել գյուղմթերքների նոր շուկաների կազմակերպման վայրերի մասով:

Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը փողոցների, մայթերի, այգիների եւ բակային տարածքների մաքրման աշխատանքների, ինչպես նաեւ անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման եւ այլ աշխատանքների իրականացման նկատմամբ: Պարտավորությունները  թերի կատարած 64 տնտեսվարող  ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր վարչական շրջանում հայտարարել հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման մրցույթ եւ պարգեւատրել լավագույն տնտեսվարողներին:

Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման եւ ընթացիկ նորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ընթացող աշխատանքների որակի ապահովման նկատմամբ իրականացվում է  մշատական հսկողություն:

“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ առաջնահերթության կարգով, համաձայն ծրագրի, արդեն իսկ փոխարինվել եւ վերականգնվել է Երեւանի տարածքում գտնվող հնամաշ եւ վթարավտանգ համարվող 231 էլեկտրասյուն: 

“Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի” տնօրենը զեկուցել է, որ ընթացքի մեջ են հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման աշխատանքները:

Երեւանի զարգացման հեռանկարների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական բոլոր շրջանների առավել մարդաշատ վայրերում տեղադրել առաջարկությունների արկղեր, որոնց միջոցով երեւանցիները հնարավորություն կունենան իրենց մոտեցումները փոխանցել քաղաքապետարանին:

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու, նպատակով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այդ նպատակով ներգրավվում են նոր աշխատակիցներ: Կանաչապատման ձեռնարկություններում սեզոնային թափուր հաստիքների համար ցանկացողները կարող են դիմել Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչություն:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ