Արցախում ուզում են միանալ Հայաստանին. սոցհարցման արդյունքները
Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության կողմնակիցների, ինչպես նաև Հայաստանի Հանարպետության կազմին միանալ ցանկացողների թիվը՝ նախորդ՝ 2015թ. տվյալներով 91.7%-ից աճելով մինչև 95.1% 2016-ի համար: Նշենք նաև, որ բնակչության շրջանում հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ անվտանգությունը:
«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը երեկ՝ նոյեմբերի 17-ին, Բրյուսելում եվրոպական դիվանագետների, լրագրողների և տարածաշրջանով զբաղվող միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումների, արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրային ընկալումների, միջազգային ճանաչման և հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրների վերաբերյալ անցկացված վերջին սոցհարցման արդյունքները: Հետազոտությունը իրականացվել է 2016 թվականի հուլիսին (ապրիլյան քառօրյա պատերազմից կարճ ժամանակ անց)՝ 1081 ընտրանքով, մայրաքաղաք Ստեփանակերտում և ԼՂՀ 7 շրջաններում: Հետազոտության արդյունքները համեմատական վերլուծության են ենթարկվել «Այ Փի Էս Սի»-ի կողմից 2015թ. մարտին ԼՂՀ-ում իրականացրած համանուն սոցհարցման արդյունքների հետ:
Ստացված տվյալները փաստում են որ վերջին մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության համախոհների թիվը: Այս հարցում նշանակալի միտումներ են նկատվել բնակչության երիտասարդ և կրթված զանգվածի շրջանում: Վերջիններս մեծապես աջակցում են անկախությանը (18-ից 30 տարեկանների 61.2% անկախության կողմնակից են, բարձրագույն կրթություն ստացածների 53.6%-ը անկախության կողմնակից են):
Պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտներում կառավարության գործունեության հանդեպ հանրային դժգոհությունը աճել է ավելի քան 2 նիշով, միաժամանակ բնակչության 78,6%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը ճիշտ ուղու վրա է:
Խաղաղության և պատերազմի հիմահարցը շարունակում է մնալ բնակչության մտահոգության առաջնային խնդիրը հարցվածների կեսից ավելիի համար: Գործազրկության և ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրները համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում են: Նշենք, որ բնակչության շրջանում արտագաղթի միտումները շատ ցածր տոկոս են կազմում:
Վերոնշյալի իրողության առնչությամբ Հովհաննես Գրիգորյանը մեկնաբանեց. «Հետաքրքական է, որ արտագաղթի միտումների տոկոսային հարաբերակցությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում ամենացածրն է Հարավային Կովկասի երկրների հետ համեմատությամբ: Փաստորեն, Ղարաբաղի բնակչությունը, չնայած ապրիլյան լայնամասշտաբ գործողություններին, մտադիր է մնալ երկրում և պայքարել անկախության համար, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բնակչության, որտեղ նկատվում են արտագաղթի միտումների բարձր տոկոսայնություն»:
Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի բնակչության քաղաքական հասունության մակարդակը. ««Քառօրյա պատերազմը» փոխեց իրադրությունը, բայց դա հիմնավոր փոփոխություն չէր: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը շատ հասուն մոտեցում է ցուցաբերում իր դիրքորոշման մեջ, հատկապես Արցախի հանրապետության անկախության ճանաչման առումով»: Պարոն Էնգելի կարծիքով, չնայած ժողովուրդը ավելի շատ է սկսել քննադատել իշխանություններին, այդուհանդերձ, ուժեղ լոյալություն է դրսևորում սեփական երկրի հանդեպ, իսկ իրավիճակի հետագա հնարավոր սրումները ավելի կուժեղացնեն այդ միտումները:
Հետազոտության արդյունքերի քննարկման ավարտից հետո EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոն նշեց, որ ուրախ է տեսնել Ղարաբաղի բնակչության վճռականությունն ու տոկունությունը՝ չնայած ադրբեջանական ագրեսիային և իրավիճակը ապակայունացնելու փորձերին: Ըստ վերջինիս՝ բավականին շատ են մտահոգությունները նման բռնությունների կրկնություն մասով, սակայն ԼՂՀ բնակչությունը պայքարում է խաղաղության համար՝ վստահելով ԵԱՀԿ Մինսկի կարգավորման գործընթացին և միջազգային հանրությանը: «Որպես Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ԵՄ-ին հուսախաբ չանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Պետք է շարունակել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալով, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, և զինադադարի նոր խախտումներն այլևս անթույլատրելի են»,- ասաց նա:
ՏԵՂԵԿԱՆՔ. Հարցնումն իրականացվել է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից ԼՂՀ ԱԳՆ պատվերով: Հարցման արդյունքները ամբողջապես հասանելի են ԱՅՍՏԵՂ: