Երբ կրկեսին աջակցում են պետական քարոզչամիջոցները
Հայ հասարակության ուշադրությունը մենք բազմիցս հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ Հայաստանում ադրբեջանահայ փախստականների խնդիրը դարձել է անառողջ քաղաքական աճպարարության պատանդը: Մեր իշխանությունների քաղաքականությունը կայացել է ու, ցավոք, առ այսօր կայանում է նրանում, որ լռության է մատնվում և անտեսվում է Ադրբեջանի կողմից ադրբեջանահայերին պատճառած բարոյական, նյութական և տարածքային վնասի փոխհատուցման խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային օրակարգում ներգարավելու հրամայական անհրաժեշտությունը:
Ադրբեջանահայ փախստականների ճակատագրի նկատմամբ պատասխանատվությունն իր վրա վերցնելու փոխարեն, մեր պետությունը գերադասում է մենաշնորհի իրավունքով փոխանցել այս հարցը որոշ անպատասխանատու հասարակական “գործիչների”, որոնց գործողություններն ու հայտարարությունները բացի նրանից, որ վրդովմունք և տարակուսանք են առաջացնում ադրբեջանահայերի շրջանում, միաժամանակ լուրջ սպառնալիք են ներկայացնում Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների համար:
Այդպիսի “գործիչների” թվին է պատկանում ոմն Գրիգորի Այվազյանը, որի անհամարժեք հրապարակային հայտարարությունները մեծագույն հրճվանքով տարածում են հայրենական ԶԼՄ-ները, այդ թվում նաև տարատեսակ հեռուստաալիքները, որոնք փաստացի պաշտոնական քարոզչության խողովակներն են և փակ են այլընտրանքային մոտեցումների լուսաբանման համար:
Վերոհիշյալ “գործիչը” վերջերս հնչեցրեց Ադրբեջանի նախագահի ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելու իր ցանկությունը, պնդելով, ընդ որում, որ իր ետևում կանգնած են ադրբեջանահայ փախստականները և վստահեցնելով, որ իրեն աջակցություն կցուցաբերեն նաև Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունները: Որքան էլ զավեշտալի թվա այս նախաձեռնությունը, այնուհանդերձ, այն պարունակում է ծայրահեղ վտանգավոր սպառնալիքներ, քանի որ այս սուբյեկտի ճամարտակությունը ներառում է նաև իր ընտրարշավը ֆինանսավորելու փախստականների պատրաստակամության մասին պնդումներ:
Շատերը Հայաստանում դա ընկալեցին, որպես փախստականների մոտ մեծաքանակ ազատ ֆինանսական միջոցների առկայության վկայություն, իսկ դա նշանակում է, որ իրականում նրանք չունեն պետության և հասարակության օգնության կարիքը և, սոսկ, աղքատ ու անօգնական են ձևացնում, ինչը, բացասական տրամադրությունների սրման և փախստականների ու տեղաբնիկների միջև փոխադարձ անվստահության խորացման հերթական պատճառը կարող է դառնալ:
Առավել անպատասխանատու է հնչում Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների աջակցության մասին հայտարարությունը, որը կարող է Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրի այլազգի` այդ թվում նաև իրանական և կովկասյան ծագում ունեցող բնիկների նկատմամբ անվստահության աճի առիթ հանդիսանալ և դրդել նրանց նկատմամբ էթնիկ զտումների և ցեղասպանության գործողությունների խրախուսման և իրականացման: Մենք` հայերս, ցեղասպանության ենթարկվեցինք Ադրբեջանում և Թուրքիայում նաև մեծ տերությունների կողմից համանման քարոզչական հնարքների կիրառման արդյունքում:
Երբ այս մասին խոսում է Այվազյանի կարգի առանձին վերցված “գործիչը”, որի թիկունքին իրականում կանգնած չեն փախստականները և չկան իրական ֆինանսական միջոցներ, ապա կարելի է մի քիչ ծիծաղել և մոռանալ այդ մասին, սակայն, երբ այս կրկեսին աջակցում են նաև պետական քարոզչական ռեսուրսները, ապա սա արդեն վտանգավոր է դառնում բազմաթիվ մարդկանց համար: Իր հռչակումների համար Այվազանը պատասխանատու չէ` նա անմեղսունակ է: Նրա անհեռատես և ծայրաստիճան սադրիչ արտահայտությունների համար ողջ պատասխանատվությունն ընկնում է իր ետևում թաքնված մեր քաղաքական ռազմավարության հեղինակաների վրա:
“Փախստականները և միջազգային իրավունքը” քաղաքացիական հասարակության ցանցը, որին տասնյակ հազարավոր փախստականներ վստահել են իրենց շահերի և իրավունքների պաշտպանության գործը, դատապարտում է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար վտանգ ներկայացնող այս վնասակար քարոզչական մեթոդաբանությունը: Վաղուց է հասունացել քաղաքական աճպարարության փոխարեն իրական արդյունավետ քաղաքականությամբ զբաղվելու անհրաժեշտությունը:
“Փախստականները և միջազգային իրավունքը” քաղաքացիական հասարակության ցանց