”Մեծերի գլխից բռնեք” ` ուր են հասել Տիգրան Սարգսյանը, ՊԵԿ նախագահը, Տարոն Մարգարյանը /վիդեո/
՛՛Կառավարությունը կհամագործակցի բոլորի հետ : Բոլորի հետ, եթե մեր ընդդիմությունը հանդես է գալիս առաջարկներով, իրենց տեսլականներով ապագայի նկատմամբ, ապա մենք պարտավոր ենք այդ տեսլականներից վերցնել այն, ինչը մեր պարտակերացումներով ճիշտ է։
Բայց եթե մեր ընդդմությունը պիտի հանդես գա այնպիսի ծրագրերով, որոնք միտված են դեպի ապագան, մենք բոլորս կշահենք, որովհետև անձնական վիրավորանքներից բանավեճը կտեղափոխվի կոնստրուկտիվ դաշտ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Համաձա՞յն է ընդդիմության գնահատականի հետ, որ կառավարության նախորդ ծրագիրը ձախողվել է, Տիգրան Սարգսյանը պատասխաեց.
՛՛Այս երեք օրվա ընթացքում այդ հարցի պատասախանը տվել ենք, մեր գնահատականներն անցած հինգ տարիների կատարված աշխատանքների վերաբերյալ, մեր սխալները, բացթողումները, մեր ձեռքբերումները, մանրակրկիտ ներկայացրել ենք մեր ժողովրդին՝ հաշվետվությամբ, հրապարակային՛՛:
Լրագրողները նշեցին, որ նախագահը խորհրդատվության ժամանակ հորդորել է ՛՛մեծերի՛՛ գլխից բռնել, և հետաքրքվեցին, թե այս գործընթացն ինչ փուլում է։
՛՛Մեր անկախ պետականության տարիների վերլուծությունը եթե իրականացնենք, ապա կտեսնենք, որ վերջին հինգ տարիներին այդ առումով լրջագույն փոփոխություներ ենք իրականացնում։ Մենք սկսել ենք մեզանից` մեր կուսակցության անդամից, պաշտոն զբաղեցրած մարդուց, եղել են չարաշահումներ և այսօր նա կալանավորված է։
Այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին այդ բոլոր տեղեկատվությունները հրապարակային են։ Իրավապահ դատական մարմիններում բարձրաստիճան պաշտոնյաները, անշնորհակալ անձինք կրում են պատասխանատվություն և նախագահի հանձնարարականը մենք կատարելու ենք։
“Տեղի է ունեցել հեղափոխական փոփոխություն, դուք հնարավորություն եք ստացել քննարկելու վարչապետի եկամուտներն ու ծախսերը, վերահսկել պաշտոնատար անձանց: Կամաց-կամաց այս մեխանիզմների ներդրման միջոցով կստանաք ձեզ հուզող հարցերի պատասխանները, միանգամից դա հնարավոր չէ”,-նկատեց Տիգրան Սարգսյանը` պատասխանելով իր, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին հարցին: Տիգրան Սարգսյանն ասաց, որ իր ունեցվածքը վերջին տարիներին ավելացել է միայն բանկային տոկոսների տեսքով:
՛՛Դա այն է, որ մենք սկսել ենք հրապարակել հինգ հարյուր բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտները, հայտարարագրերի ձեւով, եւ այստեղ տեղի է ունեցել հեղափոխոկան փոփոխություն, եւ այսօր դուք հնարավորություն ունեք քննարկելու վարչապետի եկամուտները, ծախսերը: Դա չափազանց կարեւոր բան է եւ դուք կհասկանաք դա:
Հրապարակայնությունը շատ մեծ բան է տալիս, ձեզ հնարավորություն է տալիս վերահսկել պետական պաշտոնատար անձանց, սա է այն կարեւոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել՛՛,-ասաց վարչապետը: