Հանրապետական կուսակցություն պետք է գալ միայն տալու, այլ ոչ թե վերցնելու համար. Էդուարդ Շարմազանով
Հոկտեմբերի 30-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Ալավերդի քաղաքի շուրջ 50 երիտասարդի ՀՀԿ անդամատոմսի հանձնման հանդիսավոր արարողությունը: Երիտասարդներին կուսակցական անդամատոմսերը հանձնել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Երիտասարդների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նրանք այդ օրը կայացրել են իրենց կյանքի ամենաառանցքային եւ կարեւոր որոշումներից մեկը: ՀՀԿ խոսնակն ընդգծել է, որ Հանրապետական կուսակցությունը մշտապես եղել եւ շարունակում է մնալ մեր անկախ պետականության հիմնասյուներից մեկը:
«Հանրապետական լինելը նախ եւ առաջ պատիվ է եւ հպարտություն: ՀՀԿ-ին չպետք է անդամակցել պաշտոն ստանալու համար: Ինչպես մեր հիմնադիր Աշոտ Նավասարդյանն էր ասում, Հանրապետական կուսակցություն պետք է գալ միայն տալու, այլ ոչ թե վերցնելու համար: Մենք բոլորս պետք է հպարտ լինենք, որ Աշոտ Նավասարդյանի, սպարապետ Վազգենի եւ Անդրանիկ Մարգարյանի գործի շարունակողն ենք»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
Հանդիպմանը ՀՀԿ խոսնակը պատասխանել է նաեւ երիտասարդներին հուզող հարցերին եւ անդրադարձել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին։