Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ են առաջարկվում
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է «ԱԺ կանոկարգ» օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ լուրջ վերանայումներ են եղել օրակարգային հարցերի կուտակումների, մշտական հանձնաժողովների քննարկման ընթացքում նախագծերում փոփոխություններ կատարելու, խորհրդարանում որոշ հարցերի երկար քննարկման և այլ հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ եթե կառավարությունը հիմնավորի, որ իր ներկայացրած նախագիծը հրատապ է, առանց ԱԺ խորհրդում քննարկելու արտահերթ նիստ կգումարվի:
Սահակյանի բնորոշմամբ՝ խմբակցությունները շաբաթը մեկ անգամ պետք է նիստեր գումարեն, և այդ նիստը լեգիտիմ ճանաչելու համար պետք է ներկա լինի խմբակցության կեսից ավելին: «ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվում է ընդդիմադիր խմբակցություններից մեկը, սա պարտադիր պայման է»,- հայտնեց նա: Սահակյանը նշեց նաև, որ կանոնակարգ օրենքը ենթարկվել է նաև կառուցվածքային փոփոխությունների, և դրանով շատ ավելի հեշտ կլինի տարանջատել հարցերի հաջորդականությունը, որը վերաբերում է տվյալ բաժնին: Սահակյանը ներկայացրեց նաև քառօրյա նիստերի օրակարգում տեղ գտած փոփոխությունները: «Քառօրյա նիստերի առաջին օրը՝ երկուշաբթին նվիրենք, որ ԱԺ խորհուրդը օրակարգը որոշի, երեքշաբթի օրվանից մինչև ուրբաթ նիստեր գումարենք, այսինքն՝ լինի քառօրյա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ առաջիկայում ակնկալում է գործընկերների գրավոր առաջարկները տեսնել. «Գործընկերների գրավոր առաջարկները յոթ կամ տասն օրվա ընթացքում թող ներկայացվեն, մինչև առաջին ընթերցում»: