Կառավարությունը, ընդդիմությունը, ”ռենջերներն” ու ”եվրատեսիլը”

ՀՀ կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանը արատահերթ ելույթ ունենալով Ազգային ժողվում՝ կառավարության ծրագրի քննարկմանը մասնավորապես ասաց, որ Հայաստանի զարգացման համար, ցավոք, այլ ծրագիր, քան կառավարության ներկայացրած ծրագիրն է, գոյություն չունի:
Ըստ Աշոտյանի` իրենց շատ բանում մեղադրեցին:
“ Ասում են` կառավարությունը ձախողված է, բայց հիշենք` այս երկու տարիների ընթացքում ո՞վ է ձախողվել, ո՞վ չի կարողացել հավաքել անգամ ավելի շատ ձայն, քան անվավեր քվեաթերթիկների թիվն էր այս ավագանու ընտրություններում:
Օգտագործում եք “թաղի խուժան” բառը, իրենց պիտակավորում եք գուցե ոչ ձեր ճաշակով հագուստի համար, բայց նրանք էլ ՀՀ քաղաքացիներից են: Հանգստացնեմ մեր դաշնակցական ընդդիմախոսներին` մեր դասերը լավ ենք սերտել”,-ասաց Աշոտյանը:
“Ե՞րբ ժողովուրդն ավելի շատ հիասթափվեց, որ Սերժ Սարգսյանն առաջադրեց իր թեկնածությո՞ւնը, թե՞ որ ընդդիմությունը ամպագոռգոռ հայտարարություններից հետո թեկնածու չառաջադրեց նախագահական ընտրություններում”,-հարցրեց Աշոտյանը:
ԿԳ նախարարը հիշեց 90-ականները: “ՀԱԿ, ՀԱԿԿ, ՀՀՇ… դա նման է այն բանին, որ 90–թվականներին գոյություն ուներ 5 հատ Ласковый Май … Մեր ընդդիմադիրների կողմից կային փայլուն ելույթներ: Եթե եվրատեսլիյան իրականության մեջ լինեի, չէի իմանա 12 միավոր ում տայի` Վահան Հովհաննիսյանի՞ն, Նիկոլ Փաշինյանի՞ն, Հրանտ Բագրատյանի՞ն, թե՞ Արծվիկ Մինասյանին. ես, իհարկե, այդ ելույթների հետ համամիտ չեմ, բայց իրոք փայլուն ելույթներ էին”,-նկատեց Աշոտյանը:
Նախարարը մի ”քար” էլ ԲՀԿ-ի բոստանը նետեց՝ անկախ կողմ թե դեմ քվեարկելուց, նրանք չեն ազատվի երկրի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից:
“Դուք մեզ ուզում եք պատժել, բայց մենք ձեզ ներել ենք` չմոռանալով: Մենք ասում ենք ` աշխատելու ենք միասին, պետությունը համակարգչային խաղ չէ, այստեղ չկան ռենջերներ ընդդեմ սեւ ուժերի ու “գեյմ օվըր” չի լինի: Անգամ եթե դեմ քվեարկեք կառավարության ծրագրին, դա չի ազատի ձեզ երկրի հանդեպ ունեցած պատասխանատվությունից”,-եզրափակեց նախարարը: