Միացյալ նահանգների ”մեսիջը” Երեւանում
Այսօր, մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անցկացրեց համաժողով “ Հայաստանի էներգետիկ ապագան. Վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում “ թեմայով: Այս համաժողովը բավական խոսուն է հատկապես ռուսական գազի թանկացման ֆոնին:
Համաժողովի ընթացքում դիտարկվեցին էներգետիկ աղբյուրների հետագա դիվերսիֆիկացման ու էներգախնայողության մեծացման ասպարեզներում Հայաստանի համար առկա հնարավորությունները: Հայաստանի կառավարության կողմից իրականացված օրենսդրական ու կանոնակարգիչ դաշտերի բարեփոխումների, նոր կառուցակարգային զարգացումների և մասնավորեցման արդյունքում, որոնց իրենց օժանդակությունն են բերում ԱՄՆ կառավարությունն ու մյուս դոնորները, բարելավվել են էներգետիկ ոլորտի կատարողական ցուցանիշները և ծառայությունների որակը:
Այնուհանդերձ, Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը դեռ լուծված չէ և Հայաստանը շարունակում է էներգետիկ տեսանկյունից առավել մեծ կախվածության մեջ լինել էներգակիրների ներմուծումից: Էներգետիկ անվտանգության առումով Հայաստանի առաջ ծառացած հիմնական մարտահրավերներն են ներմուծվող նավթից և բնական գազից կախման մեջ լինելը, դրանից բխող ներմուծվող հումքի գնային տատանումները, Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման ապահովումը և այլընտրանքային ու վերականգնվող էներգետիկ աղբյուրների սահմանափակ զարգացումը:
Ոչ-էներգախնայողական համակարգերի գործածումը սրում է էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ազդեցությունը տնտեսության և մասնավորապես ցածր եկամուտների տեր ու խոցելի տնային տնտեսությունների վրա: Այս խնդիրների լուծումը կնպաստի Հայաստանի էներգետիկ ոլորտի կայունացմանն ու զարգացմանը:
Ի դեպ, 2012 թվականի հոկտեմբերին ԱՄՆ դեսպանությունն ու ՀՀ կառավարությունը ստորագրել են էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Այս համաժողովը ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագրի իրականացաման քայլերից է և նպատակ ունի խթանել երկխոսությունը կառավարության , հասարակական կազմակերպությունների , մասնավոր հատվածի և դոնոր կազմակերպությունների շրջանում: