Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է «Դալան» ցուցասրահում: Նկարչի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետներ եւ բազմաթիվ արվեստասերներ:
Խոսելով գեղանկարչի եւ նրա աշխատանքների մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երջանկահիշատակ Սամվել Պետրոսյանի վաստակը արվեստի եւ մշակույթի բնագավառում ու կարեւորել ցուցահանդեսի կազմակերպումը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ վարպետի դուստրը, իր խոսքում նշել է, որ իր երազանքն է եղել նման ցուցահանդեսի անցկացումը եւ երախտիքի խոսք է հայտնել բոլոր ներկաներին՝ մասնակցության եւ ջերմ խոսքերի համար:
Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են նկարչի՝ տարբեր ժամանակներում արված ստեղծագործություններ, որոնցում Հայաստանի բնաշխարհն է՝ գունագեղ եւ խոսուն պատկերներով: