Ընենց որ, պարոն Հովհաննիսյան … վարչապետը՝ Վահան Հովհաննիսյանին ցույց տվեց ճանապարհը

Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնող վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես են պայքարում պաշտոնյաների չարաշահումների դեմ: Տիգրան Սարգսյանը օրինակ բերեց սոցապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին, ում նկատմամբ, վարչապետի խոսքով` գործ է հարուցվել:
“Նմանատիպ դեպք ունենք ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված` երբ բացահայտվել էին չարաշահումները եւ այսօր դուք տեղյակ եք նաեւ այդ գործից: Կան բազմաթիվ քրեական գործեր տարբեր մակարդակի պաշտոնյաների նկատմամբ: Ես հասկանում եմ, որ ընդդիմությունը եւ հասարակությունը մեզանից պահանջում է ավելի վճռական գործողություններ, ավելի տեսանելի բացահայտումներ, բայց այդտեղ մենք տեսնում ենք նաեւ պոպուլիզմ, որը վտանգավոր է”, -ասաց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը դիմելով դաշնակցական պատգամավորին՝ ասաց, որ լավ կլինի ընդդիմությունը համարձակություն ունենա նաեւ բացահայտել իր սեփական ձախողումները: Այլապես ստացվում է, որ քննադատում է կառավարությանը` սխալների համար, բայց իր սխալները չնկատելու է դնում:
“Այդ ձախողումների հետեւանքով դուք կորցնում եք ժողովրդի վստահությունը, եւ ժողովուրդը կորցնում է այլընտրանքի հույսը: Ընենց որ, պարոն Հովհաննիսյան, մենք մի նավի վրա ենք, եւ ճիշտ ուղին այս խնդիրները լուծելու, համագործակցության ուղին է”, -ասաց վարչապետը: